12:34 | 02.02.18 | Նորություններ | 4486
Facebook-ի օգտատերերը սկսել են օրական 50 մլն ժամ պակաս անցկացնել ցանցում, ինչը կապված է ընկերության՝ որոշ ալգորիթմներ փոփոխելու որոշման հետ:
Այս մասին տեղեկացրել է Մարկ Ցուկերբերգը՝ ամփոփելով 2017թ. 4-րդ եռամսյակի արդյունքները՝ ընդգծելով, որ ալգորիթմներ փոխելու որոշումը միայն դրական հետեւանքներ կունենա երկարաժամկետ հեռանկարում:
«2017թ. մեզ համար հզոր, բայց միաժամանակ բարդ տարի էր: 2018-ին մենք ամեն ինչ անելու ենք, որ Facebook-ը չլինի միայն ժամանցի հարթակ, այլ նպաստի մարդկանց եւ հասարակության դրական փոփոխությանը: Սրան հասնելու համար մենք խրախուսելու ենք իմաստալից կապերը՝ կոնտենտի պասիվ յուրացման փոխարեն»,- նշել է Մարկ Ցուկերբերգը:
Նրա խոսքով՝ սա կնպաստի մարդկանց միջեւ շփման ակտիվացմանը՝ պասիվ կոնտենտ սպառելու փոխարեն:
«2017թ. 4-րդ եռամսյակում փոփոխություններից հետո մենք սկսել ենք ցուցադրել ավելի քիչ վիրուսային տեսանյութեր նորությունների ժապավենում, որպեսզի վստահ լինենք, որ օգտատերերի՝ սոցցանցում անցկացրած ժամանակն օգտակար է: Ընդհանուր առմամբ, փոփոխությունները հանգեցրել են նրան, որ Facebook-ում ծախսվող օրական ժամանակը կրճատվել է 50 մլն ժամով»,- հայտարարել է Մարկ Ցուկերբերգը:
Ամեն օր Facebook է մուտք գործում 1,4 մլրդ օգտատեր, ինչը տարեկան 14% աճ է ենթադրում: Recode պարբերականի փոխանցմամբ՝ սա վերջին երկու տարիների ընթացքում սոցցանցի ամենօրյա լսարանի աճի ամենացածր ցուցանիշն է:
2017թ. դեկտեմբերի 31-ին Facebook-ի ամսական ակտիվ օգտագործողների թիվը կազմել է 2,1 մլրդ:
Սոցցանցի մյուս ցուցանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: