17:49 | 01.02.18 | Նորություններ | 5768

Կապի խոշոր օպերատորները 2017-ին կրճատել են հարկերը

ՀՀ կապի երեք օպերատորները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Beeline-ը եւ Ucom-ը, 2017թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ընդհանուր առմամբ պետական բյուջե են վճարել շուրջ 23,9 մլրդ դրամի հարկ, ինչը 21,7%-ով զիջում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշին:

ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակի համաձայն՝ կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն ՎիվաՍել-ՄՏՍ ապրանքանիշը ներկայացնող «ՄՏՍ Հայաստան» ընկերությունն է (նախկինում՝ «Ղ-Տելեկոմ»), որը զբաղեցնում է ցուցակի 13-րդ տեղը (2016թ. 8-րդ տեղում էր): Ընկերությունը 2017թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին պետբյուջե է վճարել 9,1 մլրդ դրամի հարկ, ինչը 28,8%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Ոլորտի մյուս խոշոր հարկատուն Beeline ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիա» ընկերությունն է (նախկինում՝ «Արմենիա տելեֆոն կոմպանի»)՝ 8,7 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 29,6%-ով, ինչը նրան ընդհանուր հարկատուների ցուցակում 9-րդից դարձրել է 14-րդը:

Խոշորագույն հարկատուների ցուցակում է նաեւ «Յուքոմ» ընկերությունը (19-րդ), որն ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել շուրջ 6 մլրդ դրամ հարկ, ինչը 14,4%-ով գերազանցում է 2016թ. ցուցանիշը:

1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել է նաեւ «Ռոստելեկոմ» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ ԱԼՖԱ» ընկերությունը (163-րդ տեղ, շուրջ 880,9 մլն դրամ, աճ՝ 40,5%):

Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուները 2017թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին պետբյուջե են վճարել 807,4 մլրդ դրամի հարկ, ինչը 12,7%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: