13:02 | 29.01.18 | Նորություններ | exclusive 13787
Joomag ընկերությունը G2 Crowd հարթակի կողմից ընդգրկվել է Սան Խոսե/Սանտա Կլարա շրջանի լավագույն 10 ՏՏ ընկերությունների շարքում՝ Adobe, PayPal, Cisco ընկերությունների հետ միասին, ինչպես նաեւ ստացել «Ցանկալի առաջնորդ» մրցանակը:
Joomag-ից Itel.am-ին հայտնել են, որ G2 Crowd բիզնես լուծումների «կարծիքներ»-ի (review) հարթակում, Joomag-ը դասվել է 2018-ի ձմեռվա լավագույն կոնտենտ մարքեթինգի ծրագրերի թոփ 5 ընկերությունների շարքում:
Հարթակում այսօրվա դրությամբ օգտատերերի 90%-ից ավելին Joomag-ի աշխատանքը գնահատել է 4,5 բալով (5 առավելագույնից): Հարթակում պրոդուկտները գնահատվում են երկու բաղադրիչի հիման վրա՝ հաճախորդի բավարարվածություն եւ շուկայում ներկայացվածություն:
«Հազարավոր ՏՏ ընկերություններ են գործում մեզ հետ այստեղ՝ Սիլիկոնյան հովտում: Կարիք չկա ասել, որ սա չափազանց մրցակցային շուկա է: Բայց սա նաեւ մշակույթ է, որը մեզ պես զարգացել եւ կատարելագործվել է: Դա է պատճառը, որ մենք դարձել ենք ոլորտի առաջատար SaaS (Software as a service) մատակարարներից: Մենք գտել ենք մեր ճիշտ տեղը»,- նշել է Joomag-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանը:
Joomag ընկերությունը հիմնադրվել է 2009-ին Սիլիկոնյան հովտում՝ 4 հայ ծրագրավորողների կողմից։ Այն համակողմանի լուծումներ է առաջարկում մեծ եւ փոքր բիզնեսներին՝ կոնտենտ մարքեթինգի, թվային հրատարակչության, վաճառքի խթանման եւ կորպորատիվ հաղորդակցության պահանջների բավարարման համար։
Թվային հարթակից օգտվում են Huffington Post, Cosmopolitan, Elle, Harper’s Bazaar, Expedia, Vogue, Levi’s, IBM, KFC եւ ավելի քան կես միլիոն մեծ ու փոքր այլ բիզնեսներ՝ հրապարակումների առցանց ստեղծման, տարածման, վերահսկման եւ վաճառքի համար: