17:12 | 23.01.18 | Նորություններ | 23989

Ժան Իվ Շառլիե. ՎԵՈՆ-ի ծրագրերը Հայաստանում շարունակական են լինելու

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում այսօր հանդիպել է «ՎԵՈՆ» ( VEON) ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շառլիեի հետ եւ արտաքին կապերի ղեկավար Մարկ Մաքգանի հետ:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը գնահատում է «ՎԵՈՆ»-ի հետ հաստատված համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ ընկերությունը կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում եւ կավելացնի ներդրումների ծավալը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ՀՀ կառավարության կողմից իրականացվող Թվային օրակարգին՝ ընդգծելով դրա կարեւորությունը երկրի տնտեսության զարգացման համար:

ՎԵՈՆ-ի ներկայացուցիչները նշել են, որ բավարարված են 2017թ. արդյունքներով, եւ իրենց ծրագրերը Հայաստանում շարունակական են լինելու:

«Մենք լավատեսությամբ ենք նայում Հայաստանին ու տարածաշրջանին, եւ կարծում ենք, որ այն ավելի գրավիչ է դառնում օտաերկրյա ներդրողների համար»,- նշել է Ժան Իվ Շառլիեն՝ տեղեկացնելով, որ մոտ ժամանակներս կրկին կայցելի Հայաստան: