11:13 | 21.12.17 | Նորություններ | exclusive 8234

STEP-2017 ծրագրի շրջանակում 5 ստարտափ արժանացել է դրամաշնորհի

Հայտնի են նախօրեին ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում կայացած Գիտության եւ տեխնոլոգիաների ձեռներեցության STEP-2017 ծրագրի ամփոփիչ վենչուրային կոնֆերանսի հաղթողները:

2 մլն 800 հազ-ական դրամի չափով մրցանակներ են ստացել հետեւյալ թիմերը՝ CodeTrace, EnergyGlobe, Manufacturing of super-accurate 3D printers, inOne, TheArmenian:

Itel.am-ի հետ զրույցում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ կարեւորել է, որ բացի բարձր տեխնոլոգիաները, արդեն գաղափարներ են ներկայացվում նաեւ այլ, այդ թվում մաքուր եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտում:

«STEP-2017-ը դիտարկում ենք որպես ոչ թե ուղղակի դրամաշնորհ ստանալու միջոցառում, այլ հնարավորություն՝ կարողանալու գաղափարը ճիշտ զարգացնել, ներկայացնել, գտնել ներդրողներ: Կարծում եմ, որ մասնակից 14 թիմերը բավական պատրաստված էին, եւ կարողանում էին ժյուրիի հարցերին պատասխանել: Ֆորմատն ենք փոխել, մեծացրել ենք ժյուրին: Դրամաշնորհը օգտագործում ենք որպես խայծ՝ օգնելու թիմերին նոր գաղափարներ մշակելու հարցում»,- նշել է Բագրատ Ենգիբարյանը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ 2018թ. կհայտարարվի 3 նոր դրամաշնորհի մասին:  

STEP-2017 վենչուրային կոնֆերանսը կազմակերպվել էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից: