12:13 | 06.12.17 | Հոդվածներ | exclusive 171633

Մոբայլ օպերատորները՝ OTT ծառայությունների հետ մրցակցության մասին

OTT (անգլ. Over the Top) ծառայություններն ինտերնետի օգնությամբ ձայնի եւ տեքստի միջոցով հաղորդակցվելու հնարավորություն ընձեռող ծառայություններն են` Messenger-ը, WhatsApp-ը, Skype-ը, Viber-ը:

OTT ծառայությունների դերի մեծացումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս օպերատորների շրջանում, քանի որ դրանց հետեւանքով նրանք արձանագրում են շահույթի էական կրճատում:

Itel.am-ը դիմել է Հայաստանի մոբայլ կապի երեք օպերատորներին՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչ քայլեր են նրանք ձեռնարկում՝ OTT ծառայությունների մարտահրավերներին դիմակայելու համար եւ թե որոնք են այն լուծումները, որոնք կարող են թույլ տալ վերադառնալ եկամտաբերություն նախկին ցուցանիշներին:

Beeline

OTT ծառայությունների հետ մրցակցության խնդիրը, իհարկե, ընդհանուր է աշխարհի բոլոր հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների համար։ Beeline-ն իր կողմից մշտապես աշխատում է այդ խնդրի ուղղությամբ, փորձում է լուծումներ գտնել պետական մակարդակով՝ համագործակցելով բոլոր կողմերի հետ։ Մինչդեռ ընկերության մակարդակով մշակվում են նոր ծառայություններ եւ ընկերությունը շարժվում է առաջ՝ թվայնացման ճանապարհով։

Այսօրվա դրությամբ ձայնային ծառայություններից ստացված եկամուտների անկումը որոշ չափով փոխհատուցվում է ինտերնետ ծառայություններից ստացվող եկամուտների աճով։ Այդ իսկ պատճառով ընկերությունը շարունակում է իր ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը երկրի ողջ տարածքում։ Բացի այդ, մենք աշխատում ենք մեր ծառայությունները դարձնել ավելի հարմար եւ պարզ օգտագործման համար՝ մատչելի գներով առաջարկելով ծառայությունների փաթեթներ, այդ թվում՝ ձայնային։

ՎիվաՍել-ՄՏՍ

OTT ծառայությունների ազդեցությունը հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների վրա համաշխարհային գործընթաց է: Եվ այդ ազդեցության հակակշիռը նորարարական մոտեցումներն ու լուծումներն են: Ստեղծված պայմաններում, համաձայն մեր ռազմավարության՝ հեռահաղորդակցության ոլորտի հավելյալ եկամտաբերության հիմքը շուկայի այն սեգմենտներն են, որոնք առավել հետաքրքրված են նորարարական լուծումներով:

Ընդհանրապես՝ ցանկացած մարտահրավեր, ճիշտ կառավարման դեպքում, դառնում է աճի հնարավորություն. սա է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մոտեցումը խնդիրների դիմագրավելու հարցում: Այս մոտեցումը կիրառելի է նաեւ OTT ծառայությունների պարագայում: OTT ծառայությունների հետ մրցակցությունը լուրջ խթան է նորարարական լուծումներ ու բիզնես գործընթացներ մշակելու ու կիրառելու հարցում:  

Ucom

Ucom ընկերությունը միակն է 2016թ. տվյալներով, որը թեեւ փոքր չափաբաժնով, բայց ավելացրել է շրջանառությունը նախորդ տարիների համեմատությամբ:

Վերջին երեք-չորս տարիների կտրվածքով եվրոպական եւ, առհասարակ, համաշխարհային հեռահաղորդակցության շուկայի անկումն ու դրան հետեւող փոխակերպումը ստիպում է հանդես գալ նորարարական լուծումներով եւ ստեղծել սեփական OTT կամ թվային ծառայություններ:

Համաշխարհային հեռահաղորդակցության շուկայի զարգացումներն ու փոխակերպումներն ազդել են նաեւ Ucom-ի որոշումների ու քայլերի վրա: Արդեն իսկ նախորդ տարվանից Ucom-ը զանգվածային շուկայի համար հասանելի է դարձրել U!Pay վիրտուալ դրամապանակը, MediaRoom շարժական հեռուստատեսությունը,U!Cloud ամպային լուծումները եւ այլն: Այս տարի Ucom-ը հանդես է եկել հեղափոխական «Ունիվերսալ Պլյուս» առաջարկով՝ իր բաժանորդներին ընձեռելով բացառիկ հնարավորություն մեկ SIM-քարտում համատեղելու երկու հեռախոսահամար՝ հայկական եւ ռուսական. հայկական համարը՝ Հայաստանում օգտագործելու համար, ռուսականը՝ Ռուսաստանում:

Մենք անելու ենք ամեն ինչ, որ նմանօրինակ առաջարկների աշխարհագրությունն ընդլայնվի՝ Ucom-ին դարձնելով իրապես համահայկական օպերատոր: