12:31 | 15.11.17 | Նորություններ | 5814

Գյումրիում կկայանա ամենամեծ հայ-թեք համաժողովը

Նոյեմբերի 18-19-ը Գյումրիում առաջին անգամ կկազմակերպվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով երկօրյա համաժողովը, որը կհյուրընկալի ոլորտով հետաքրքրված ավելի քան 140 երիտասարդի՝ բոլոր մարզերից:

Այն կազմակերպում են ՀՀ կառավարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը, Շիրակի մարզպետարանը եւ Գյումրիի քաղաքապետարանը:

Համաժողովը կիրականացվի «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության կողմից եւ իրականացվում GIZ-ի «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:

Համաժողովի նպատակն է` բացահայտել կրթությունից բիզնես հնարավորությունները եւ մարտահրավերները, քննարկել եւ բացահայտել ՀՀ կառավարության դերը մարզերում՝ բիզնես միջավայրի ստեղծման գործընթացում, նպաստել մարզերում բիզնես միջավայրի զարգացմանը, ցույց տալ Շիրակի մարզի հաջողված փորձը բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության եւ հարակից ոլորտների՝ կրթության, բիզնեսի զարգացման ու ենթակառուցվածքային խթանիչ միջավայրի ձեւավորման գործընթացներում:

Համաժողովը կմեկնարկի նոյեմբերի 17-ին՝ պանելային 3 քննարկումներով՝ «Բիզնես միջավայրի աջակցություն», «Բիզնես մտածելակերպի խթանումը մարզերում», «Առաջընթացը կրթության ոլորտում` ՀՀ զարգացման գրավական»: Համաժողովի 2-րդ օրը՝ նոյեմբերի 18-ին, միջազգային եւ տեղական փորձագետների կողմից կանցկացվեն վորքշոփեր:

«Վստահ ենք, որ համաժողովին մարզային երիտասարդության մասնակցությունը, նրանց կողմից Գյումրիում տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ արձանագրված հաջողության պատմություններին ծանոթանալը, ինչպես նաեւ տեղական ու միջազգային փորձագետների ներգրավմամբ կազմակերպվելիք աշխատաժողովներին մասնակցությունը, մեծ խթան կհանդիսանա երիտասարդների համար՝ մուտք գործել տեխնոլոգիական ոլորտ, դառնալ հաջողակ ձեռներեցներ, նպաստել աշխատատեղերի ստեղծմանն ու ընդհանուր կենսամակարդակի բարձրացմանը››,- նշել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

«Տարբեր ոլորտներում ապակենտրոնացումը Երեւանից մարզեր կարեւոր գործընթաց ենք համարում, ինչից ելնելով էլ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը աջակցում է այդ ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններին»,- իր հերթին ընդգծել է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Էվա Մարիա Նայերը:

«Համաժողովը հարթակ կհանդիսանա վեր հանել ոլորտի հիմնախնդիրները մարզերում, նպաստել մարզերում բիզնես միջավայրի ստեղծմանը՝ ցույց տալով Շիրակի ՏՏ ոլորտի հաջողված փորձը»,-տեղեկացրել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բիզնես զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանը: