Կարապետ Անդրանիկյանը եւ FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը
10:43 | 14.11.17 | Նորություններ | exclusive 18930
Աշխարհահռչակ միկրոկենսաբան, Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի նախագահ, պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանը, որ վերջերս ընտրվել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) խորհրդատվական խորհրդի նախագահ, հիմնադրամի հետ համագործակցությունը որակել է գերազանց:
«FAST-ի հետ համագործակցությունը միայն վերջերս է մեկնարկել: Որպես Խորհրդատվական խորհրդի ղեկավար՝ ես պարտավոր եմ փորձել իրականացնել կարեւոր քայլեր, որոնք կզարգացնեն Հայաստանի գիտությունը:
Համագործակցությունը FAST-ի հետ գերազանց է: Ես նկատել եմ, որ ամեն ինչ լավ է աշխատում, հրաշալի եւ ժամանակին: Մենք լիահույս ենք ապագայում զարգացնել այս ծրագիրը»,- ասել է պրոֆեսորը Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ ժամանակը շատ կարեւոր է, գիտության եւ տեխնոլոգիայի մեջ պետք է արագընթաց լինել:
«Դուք կարող եք ունենալ լավագույն գաղափարները, բայց եթե դանդաղեք՝ չեք կարողանա հասնել աշխարհի հետեւից: Մենք պետք է արդյունավետ գործենք, եւ ես լավատես եմ մեր աշխատանքի ու ապագայի ծրագրերի հարցում:
Մենք պետք է օգտագործենք ամբողջ աշխարհի հայերի ներուժը եւ փորձենք ստեղծել այդ կապը: FAST դառնում է կատալիզատոր՝ համախմբելով մարդկանց: Մինչ այժմ ինձ ոչ ոք չի խնդրել Հայաստանի համար ինչ-որ բան անել, բայց հիմա առաջին անգամ FAST-ն ասում է. «Եկեք ինչ-որ բան անենք Հայաստանի համար»»,- ասել է Կարապետ Անդրանիկյանը:
Անդրադառնալով ՀՀ գիտության ոլորտի զարգացումներին՝ պրոֆեսորը նշել է, որ Հայաստանը պետք է փորձի բարեփոխումներ կատարել բուհական ոլորտում, պարզել՝ բոլոր համալսարանները կամ նույնիսկ դրանցից շատերն արդյոք պե՞տք է, որ զբաղվեն հետազոտական աշխատանքներով:
«Հետազոտությամբ զբաղվելը մեծ գումարներ է պահանջում, այնպես որ, գուցե հարկավոր է դասակարգել համալսարանները ըստ այն ուղղությունների, որոնք կարեւոր են տարածաշրջանի համար»,- ասել է Կարապետ Անդրանիկյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: