16:46 | 03.11.17 | Նորություններ | 26485

Ucom-ի տնօրենը պարգեւատրել է «ԱրմՌոբոտիքս»-ի հաղթող «Արմաթ»-ի սաներին

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը պլանշետներ է հանձնել Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ գյուղի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաներին:

Լաբորատորիան Ucom ընկերության աջակցությամբ բացվել է երկու տարի առաջ ու կարճ ժամանակահատվածում արդարացրել է նախագծի պատասխանատուների սպասելիքները հայ-ադրբեջանական սահմանին ապրող պատանի ինժեներներից ու ծրագրավորողներից:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից իրականացվող ռոբոտների 10-րդ՝ հոբելյանական առաջնությունում Արծվաբերդի արմաթցիներն այնպիսի ռոբոտ էին պատրաստել, որն ըստ մրցույթի կանոնների, պետք է մրցութային դաշտում իրեր գտներ (խորանարդ, գունդ եւ ուռուցիկ բազմանկյուն), վերցներ դրանք եւ տեղափոխեր տվյալ ռոբոտին հատկացված պահեստային տարածք: Մասնագետները վստահեցնում են, որ տվյալ մրցույթն իր օտարերկյա համարժեքներից ավելի բարդ է: 3 ամսվա աշխատանքի արդյունքում եզրափակիչ փուլ էին անցել 12 թիմեր Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի մարզերից, ինչպես նաեւ Երեւանից:

3-հոգանոց մրցանակակիր թիմն այսօր Արծվաբերդի հպարտությունն է: 700 հազար դրամ մրցանակն օգտագործելու են այլ նորարարական նախագծեր իրականացնելու նպատակով:

«Փոքրուց եմ ինչ-որ առարկաներ քանդել ու հավաքել, բայց «Արմաթ»-ի շնորհիվ է, որ սկսել եմ մտածել, թե ինչ կարելի է ստեղծել ուրիշների գործը թեթեւացնելու համար: Օրինակ՝ հիմա մտածում եմ գյուղի համար օգտակար մի չորանոց նախագծելու մասին, որը կաշխատի արեւային մարտկոցով, ու բոլոր գործողությունները կլինեն ավտոմատացված: Խնձոր լվանալը, կտրատելը, դասավորելը, չորացնելը պետք է իրականացվի սարքավորման միջոցով»,- իր պլաններով կիսվել է Արծվաբերդի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Վահագն Զարգարյանը:

Վահագնը նախագծել է խելացի դռան մոդել, ստեղծել է ռադիոկապով աշխատող սարքեր, իր իսկ ձեռքով հավաքել է արեւային մարտկոց: Սեփական ննջասենյակը դարձրել է մինի-լաբորատորիա, որտեղ մտնելու համար իր ստեղծած անվտանգության սարքի վրա կոդ է հավաքում:

«Այս այցն ինձ համար անձամբ ամենաոգեւորիչն է: Եթե 16-ամյա Վահագնի թիմը մասնակցեր ԱՄՆ-ում կայացած ռոբոտների մրցույթին, որի առաջադրանքը Հայաստանի մրցույթի խնդրի համեմատ ավելի հեշտ էր, վստահաբար, առաջին տեղը կգրավեր: «Արմաթ» լաբորատորիաների ներդրման նախագիծը երկարատեւ է, ֆունդամենտալ ու ինժեներական մտածողություն ձեւավորող: Դրա արդյունքը մակերեսային ու այժմեական չէ, այն խորքային փոփոխություններ է առաջացնելու կրթական համակարգում, ինչի ականատեսը կլինենք 4-5 տարի հետո »,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Ucom ընկերությունը հանդիսանում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման խոշորագույն աջակիցը: Ucom-ի մոտ 150 մլն դրամ ներդրման շնորհիվ Հայաստանի մի շարք մարզերում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում գործում են 39 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ: