Հոկտեմբերի 21-ին Երեւանում առաջին անգամ անցկացվել է Learn to Code! It’s Fun! խորագրով միջոցառում՝ եվրոպական ծրագրավորման ամենամեծ իրադարձության՝ EU Code Week-ի շրջանակում:
Միջոցառումը նախաձեռնել էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը, միջոցառման աջակիցն էր Google-ը:
Միջոցառմանը մասնակցել են 9-17 տարեկան մոտ 200 դպրոցականներ ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի դպրոցներից: Երկու ժամ տեւողությամբ բաց դասի ընթացքում 9-13 տարեկան մասնակիցները ծանոթացել են Scratch միջավայրի հնարավորություններին եւ փորձել ստեղծել պարզ անիմացիաներ, իսկ 14-17 տարեկան դպրոցականները՝ HTML-ի միջոցով կայք ստեղծելու հնարավորություններին:
Բաց դասին հաջորդել է ՏՏ ոլորտի վերաբերյալ մրցույթ-վիկտորինան, որի արդյունքում ամենաակտիվները ստացել են հուշանվերներ: Միջոցառումն ավարտվել է վկայագրերի հանձմամբ:
EU Code Week-ը եվրոպական խոշորագույն ծրագրավորման միջոցառում է, որին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ: Այն անցկացվում է արդեն 5-րդ տարին՝ համախմբելով միլիոնավոր երիտասարդների եվրոպական ավելի քան 50 երկրներից: Միջոցառման նպատակն է ծրագրավորումը եւ թվային գրագիտությունը դարձնել հասանելի եւ հետաքրքիր դպրոցականների համար: