Գործարկվել է հայ մասնագետների ստեղծած Ktav հավելվածը, որը հնարավորություն է տալիս սեփական լուսանկարներից ստանալ հայ մեծանուն նկարիչների ոճով ձեւափոխված գեղանկարներ:
Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Գարզուի, Հակոբ Հակոբյանի, Վրույր Գալստյանի, Արշիլ Գորկու աշխատանքների ոճեր ստեղծող հավելվածը հասանելի է iOS եւ Android համակարգերի համար:
Անվճար հավելվածը մշակել է 8 հոգուց կազմված Lenz ստարտափը:
Ստարտափի համահիմնադիր Գրիշա Թադեւոսյանը Itel.am-ին պատմել է, որ հավելվածում օգտատերերը կարող են ընտրել իրենց լուսանկարներից կամ հենց այդ պահին լուսանկարել հավելվածի միջոցով, ընտրել համապատասխան նկարիչի ոճը եւ տեսնել արդյունքը։
«Հավելվածը Lenz ստարտափի առաջին գործն է: Ծրագրի աշխատանքը հիմնված է մեքենայական ուսուցման վրա։ Կոնկրետ ընտրված թիրախային լսարան չկա, բայց նպատակը մեր մեծանուն նկարիչներին հայտնի դարձնելն է ոչ միայն մեր հայրենակիցների շրջանում, այլեւ ամբողջ աշխարհում։ Հավելվածը ներկա պահին ունի ավելի քան 1000 ներբեռնում: Օրական 500-600 լուսանկար է ոճավորվում հավելվածի միջոցով»,- պատմել է նա:
Ktav հավելվածն առաջին անգամ բաց ցուցադրվել է ԴիջիԹեք 2017-ում:
Գրիշա Թադեւոսյանը տեղեկացրել է, որ ներկայում աշխատում են նոր նկարիչների ոճեր ավելացնելու ուղղությամբ: