16:20 | 25.09.17 | Նորություններ | 17791
Ucom-ի գրասենյակում այսօր ամփոփվել են Discovery Science ճանաչողական, ժամանցային ալիքի եւ Ucom ընկերության կողմից հայտարարված երիտասարդ գիտնականների եւ նորարարների մրցույթի արդյունքները:
Ապագայի հաղորդակցման միջոցների մասին նորարար գաղափարի հեղինակները՝ եղբայրներ Սամսոն եւ Հրանտ Հայրապետյանները, ճանաչվել են հաղթող եւ կմեկնեն Ամստերդամ՝ Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակ:
Ռուսաստանաբնակ եղբայրներն իրենց ամառային արձակուրդը Հայաստանում են անցկացրել: Մրցույթի մասին տեղեկանալով՝ երեք գաղափար են ներկայացրել, որոնցից ժյուրիի անդամներին առավելապես տպավորել է խուլ ու համրերի համար նախատեսված սարքը: Սարքը ձեռքին են կրում այնպես, որ այն կարողանա ձեռքի շարժումները վերարտադրել ձայնային տարբերակով, իսկ ձայնը հոլոգրաֆիկ տեսախցիկի օգնությամբ փոխակերպել տեսատարբերակի:
Մրցույթի ժյուրիի առանձնահատուկ ուշադրությանը եւ շնորհակալագրի է արժանացել 12-ամյա գյումրեցի Նարեկ Հարությունյանի եռաչափ հաղորդակցման մասին գաղափարը: Նարեկը «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան է: Ըստ նրա` ապագայում մարդիկ կունենան այնպիսի սարք, որը թույլ կտա Երեւանում գտնվող մեկին եւ, օրինակ, Փարիզում բնակվող մեկ ուրիշի հանդիպել միմյանց աշխարհի ցանկացած կետում: Սարքը թույլ կտա տեսնել իրար, օրինակ, Գերմանիայի սրճարաններից մեկում:
«Ucom ընկերությունը շարունակական աջակցություն է ցուցաբերում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին, որոնց ներուժն իսկապես մեծ է: Ուրախ եմ, որ նման միջազգային մրցույթներում «Արմաթ»-ի սաներն ապացուցում են իրենց մրցունակությունը եւ դրվատանքի են արժանանում»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Ժյուրիի անդամներին տպավորել է նաեւ «Այբ» դպրոցի բարձր դասարանների աշակերտներ Անի Ազնաուրյանի, Արեն Ազնաուրյանի եւ Դավիթ Աբրահամյանի կողմից մշակված եւ հետաքրքիր տեսահոլովակի միջոցով ներկայացված գաղափարը: Ըստ պատանի գիտնականների՝ ապագայի հաղորդակցումը կկատարվի այնպիսի ցանցի միջոցով, որը չի ստեղծի բնապահպանական խնդիրներ, կօգտագործի արեւային էներգիայի հզորությունը, կարտադրի թթվածին ու կնպաստի կանաչ տարածքների ընդլայնմանը:
Վերջին երկու նախագծերի հեղինակները ստացել են խրախուսական մրցանակներ եւ շնորհակալագրեր: