16:32 | 22.09.17 | Նորություններ | 5679

«Արմաթ»-ի շրջանավարտների 43% աշխատանքի է ընդունվել կամ ստարտափ հիմնել

«Արմաթ» կրթական ծրագրի շրջանավարտների 43% աշխատանքի է ընդունվել կամ ստարտափ է հիմնել ՏՏ կամ տեխնիկական ոլորտում:

«Գրանթ Թորնթոն» ընկերության իրականացրած հետազոտության համաձայն, «Արմաթ»-ի շրջանավարտների 84 %-ն ընդունվել է ԲՈւՀ, որից 82%-ը բնական գիտությունների, ՏՏ եւ տեխնիկական մասնագիտությունների գծով: Հարցվածների 39%-ը սովորելուն զուգընթաց նաեւ աշխատում է, 4%-ը՝ միայն աշխատում:

Աշխատանք ունեցողների 45%-ը ներգրավված է ծրագրավորման բնագավառում, 12%-ը հիմնել է ստարտափ, եւս 29%-ը ներգրավված է ՏՏ ոլորտի այլ աշխատանքներում: Մնացածը կատարում են ինժեներական եւ տեխնիկական աշխատանքներ:

Սաների 37%-ը ԲՈՒՀ-ից հետո ՏՏ ոլորտի պոտենցիալ աշխատող է։ Հարցվածների միայն 19%-ն է նախընտրել «Արմաթ»-ն ավարտելուց հետո կրթությունը շարունակել այլ՝ ոչ ՏՏ մասնագիտությունների գծով:

Աշխատանք ունեցող կամ ստարտափ հիմնած պատանիների աշխատավարձերը տատանվում են 50-ից 300 հազար դրամի սահմաններում, միջինում կազմելով 132,561:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն այսօր (ԻՏՁՄ) նաեւ հայտարարել է «Արմաթ»-ի պաշտոնական նոր կայքի գործարկման մասին, որտեղ ներկայացված է տեղեկատվություն Հայաստանի տարածքում գործող բոլոր 210 լաբորատորիաների եւ դասավանդող խմբավարների մասին:  

«Յուրաքանչյուր դպրոցական, ծնող կարող է կայքի միջոցով կապ հաստատել ցանկացած խմբակի հետ, ինչպես նաեւ ծանոթանալ, թե ինչ ծրագրեր ու սարքավորումներ ունի տվյալ խմբակը: Առաջիկայում «Արմաթի» բոլոր խմբավարներն ու սաները կունենան անձնական հաշիվ, կկարողանան ինքնուրույն տեղեկատվություն ավելացնել եւ շփվել միմյանց հետ: Համակարգն աշխատում է նույնիսկ ինտերնետի բացակայության պայմաններում: Արմաթցիներն ու կայքի այցելուները կգտնեն նաեւ ամբողջական տեղեկատվություն դպրոցականների համար անցկացվող մի շարք խրախուսական մրցույթների մասին: Այստեղ են նաեւ «Արմաթ»-ի ուսուցման նյութերը թե' խմբավարների, եւ թե դպրոցականների համար: Կայքում գործում է նաեւ հատուկ բաժին ծրագրի աջակցման եւ նվիրատվությունների համար»,- տեղեկացրել են ԻՏՁՄ-ում:  

Կայքը ստեղծվել է «Ինստիգեյթ մոբայլ», «Իվորքս» եւ «Լեւիաթան» ընկերությունների կողմից:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը հիմնվել է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ Կառավարության եւ դոնոր կազմակերպությունների ու անհատների աջակցությամբ: