10:41 | 13.09.17 | Նորություններ | 12538

Բեռլինում ՀՀ ստարտափներին նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանյան 15 նորարար ստարտափ սեպտեմբերի 3-10-ը Բեռլինում մասնակցել է «Հայաստանյան ստարտափների ակադեմիան Բեռլինում» միջոցառմանը:

Ծրագիրը ներառել է քառօրյա ինտենսիվ ուսուցում՝ ներդրողներին ներկայանալու, բիզնես մոդելավորման, ներկայացման հմտությունների եւ վաճառքի թեմաներով, ինչպես նաեւ անհատական հանդիպումներ՝ հնարավոր գործընկերների, հաճախորդների եւ ներդրողների հետ:

Հայաստանյան ստարտափներին նվիրված երեկոյին մասնակցել են 50 ներկայացուցիչներ՝ ներդրողներ եւ հյուրեր Գերմանիայի ստարտափ եւ նորարարության էկոհամակարգից:

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդգծել է բարձր տեխնոլոգիաների եւ նորարարության զարգացման ռազմավարական կարեւորությունը Հայաստանի համար: Նա շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը եւ Գերմանիայի կառավարությանը հայաստանյան ՓՄՁ-ներին եւ ստարտափ էկոհամակարգին ցուցաբերվող օժանդակության համար:

«Հայաստանյան ստարտափների ակադեմիան Բեռլինում» միջոցառումը կազմակերպվել էր «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: