16:39 | 07.09.17 | Նորություններ | 13177

«Թումո»-ի սաների ստեղծած խաղը միջազգային մրցանակի է արժանացել

«Թումո»-ի եւ Եվրոպական միության համագործակցության արդյունքում ստեղծված «Նետոյի առասպելը» եռաչափ հակակոռուպցիոն խաղը ԵՄ ստեղծարար տնտեսության կենտրոնի (European Centre for Creative Economy) նախաձեռնած NICE մշակույթի եւ ինովացիայի մրցույթում ընտրվել է որպես լավագույն ստեղծարար նորարարություն։

«Թումո»-ում տեղեկացրել են, որ մրցույթի 100-ից ավելի դիմորդներից լավագույն տասնյակում հայտնվելով՝ նախագծի ներկայացուցիչները մեկնել էին Գերմանիայի Էսսեն քաղաք, որտեղ սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել մրցույթի եզրափակիչ փուլը։

Եզրափակչի արդյունքում նախագիծը հայտնվել է ժամանակակից տնտեսության մեջ նորարարական ներդրում ունեցող լավագույն 5 նախագծերի շարքում։ Թիմն իր հետ Հայաստան է բերել հաղթանակ եւ €3 հազ. մրցանակ։

«Նետոյի առասպելը» խաղի եւ ինտերակտիվ կոմիքսի ստեղծման նախագիծը մեկնարկել է 2016-ին։ Խաղի աշխատանքային թիմը կազմված է «Թումո»-ի՝ 17-22 տարեկան ուսանողներից եւ շրջանավարտներից, որոնց ուղղորդում են կենտրոնի աշխատակիցները։

«Հակակոռուպցիոն խաղը ներկայացնում է մի հետաքրքիր եւ գրավիչ աշխարհ՝ Նետոյի մոլորակը, որտեղ հայտնվելով՝ խաղացողը գլխավոր հերոսների միջոցով զանազան խնդիրներ է լուծում՝ Նետոն կոռուպցիայից եւ կործանումից փրկելու համար։ Խաղը եւ կոմիքսի ամբողջական հավաքածուն կհրապարակվեն 2017-ի դեկտեմբերին»,- ասված է հաղորդագրությունում: