09:45 | 02.08.17 | Նորություններ | exclusive 23181
Moovie ստարտափը Հայաստանի Ամերիկյան համալսարանում այս շաբաթ կազմակերպել էր «Գահերի տիրակալը» սերիալի վերջին էպիզոդի ցուցադրությունը, որի ընթացքում ներկայացրել է նաեւ իր մշակած նոր տեխնոլոգիան: Կինոսերները հնարավորություն են ունեցել ֆիլմը դիտելու միաժամանակ ռուսերեն եւ անգլերեն լեզուներով՝ սեփական ընտրությամբ:
Moovie-ն հնարավորություն է տալիս կինոթատրոնում դիտել կինոնկարը՝ հավելվածի միջոցով ընտրելով եւ ականջակալներով լսելով ֆիլմը այլ լեզվով, որով այն թարգմանված է եւ այդ պահին հասանելի է կինոթատրոնում:
Itel.am-ի հետ զրույցում ստարտափի հիմնադիր Կարեն Գալստյանը պատմել է, որ ծրագրի միջոցով վիդեոն սինխրոնիզացվում է աուդիոյի հետ՝ հնարավորություն տալով ռեալ ժամանակում հետեւել ֆիլմի ընթացքին:
«Ես ունեմ բազմաթիվ ընկերներ, որոնք ապրում են Հայաստանում, սակայն չեն հասկանում ռուսերեն, իսկ կինո գնալը նրանց համար առօրյայի մաս է: Կինոթատրոններն ունեն անգլերենով սեանսներ, սակայն հիմնականում ժամային անհարմարության պատճառով այդ սեանսներին քիչ մարդիկ են ներկա լինում, քանի որ ամենահարմար ժամերին ֆիլմերը հիմնականում ռուսերենով են: Այս խնդիրն առկա է բոլոր երկրներում»,- նշել է նա:
Կարեն Գալստյանի խոսքով՝ ներկայում փորձարկում են բիզնես գաղափարը՝ տեսնելու թե որքանով է այն իրատեսական:
«Այսօրվա կինոդիտումը հենց այդ նպատակով ենք կազմակերպել: Ցուցադրությունից հետո փորձելու ենք հավաքել կարծիքներ, տեսնելու, թե մարդիկ որքանով են հետաքրքրված: Կփորձենք հավելվածը գործարկել այս տարվա ընթացքում: Կինոթատրոնների հետ հնարավոր համագործակցության մասին ուղղակիորեն դեռ չենք խոսել, քանի որ ցանկանում ենք նախ՝ ունենալ փաստացի աշխատող ծսռայություն եւ հետո միայն այն ներկայացնել պոտենցիալ հաճախորդներին»,- նշել է Moovie-ի հիմնադիրը:
Նարինե Դանեղյան