16:42 | 29.06.17 | Նորություններ | 35786

«Ռոստելեկոմ»-ն ու «Թումո»-ն կազմակերպել են սահմանամերձ գյուղերի երեխաների հանգիստը

«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ սահմանամերձ Մովսես եւ Այգեպար գյուղերից ժամանած երեխաները մասնակցել են «Թումո» կենտրոնի կազմակերպված ամառային ճամբարին:

Մեկշաբաթյա ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են «Թումո» կենտրոնի Անիմացիայի, Կայքերի մշակման, Ռոբոտաշինության դասընթացներին, այցելել հայաստանյան մշակութային կոթողներ, տեսարժան վայրեր, անցկացրել սպորտային խաղերով ու տարբեր ծրագրերով հագեցած օրեր եւ ավարտին ներկայացրել սեփական տեխնոլոգիական եւ անիմացիոն նախագծերը:

Մասնավորապես, համակարգչային անիմացիայի դասընթացների ընթացքում երեխաներն ուսումնասիրել են, թե ինչպես ձեւավորել եռաչափ խաղեր՝ միաժամանակ օգտագործելով Adobe Flash եւ Animation Desk ծրագրերը:

Կայքերի մշակման դասընթացների ժամանակ երեխաները սովորել են ձեւավորել սեփական դինամիկ կայքը՝ օգտագործելով HTML5 եւ CSS3 ծրագրերը դիզայնի, իսկ Adobe Dreamweaver ծրագիրը՝ ինտերակտիվություն հաղորդելու համար:

«Ռոստելեկոմ»-ի եւ «Թումո»-ի համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու: