09:14 | 28.06.17 | Հարցազրույցներ | exclusive 161662

Moon տեսախցիկը՝ ձեր տան սմարթ պահակը

Հայաստանում մշակված Moon թռչող տեսախցիկը տան ավտոմատ կառավարման կենտրոն է: Հուլիսին կմեկնարկի crowdfunding-ը՝ ստարտափը զանգվածային արտադրության փուլ տեղափոխելու նպատակով:

Ստարտափի համահիմնադիրներն են Իգոր Խաչատուրյանը եւ Սերգո Օհանովը: Itel.am-ը զրուցել է վերջինիս հետ:

-Որո՞նք են Moon-ի ամենակարեւոր գործառույթները:

-Moon-ը թույլ է տալիս մոբայլ հավելվածի օգնությամբ կառավարել տանն ընթացող պրոցեսները՝ ջերմաստիճան, հեռուստացույցի ալիքներ, լուսավորություն եւ այլն, ինչպես նաեւ միշտ տեղյակ լինել, թե ինչ է կատարվում ձեր տանն այդ պահին:

Անաղմուկ տեսախցիկը կարող է պտտվել 360 աստիճանի տակ, տեսանկարահանել ամբողջ տունը եւ ինֆորմացիան ուղարկել տանտիրոջը:

Moon-ն ունի նաեւ ձայների վերլուծության մեխանիզմ, եւ եթե, օրինակ, երեխան լաց լինի կամ պատուհան կոտրվի, ապա տանտերն անմիջապես կտեղեկանա այդ մասին: Սարքը հարմար է նաեւ համաժողովների համար՝ այն ձայնագրում է բանախոսների ելույթները՝ չեզոքացնելով տվյալ վայրում առկա աղմուկը:

photo © Moon


Տեսախցիկը կարող է ինտեգրվել խելացի տան այլ սարքերի հետ: Այսօր ոլորտի խոշոր խաղացողները գիտակցում են, որ տարեցտարի շուկան զարգանում է շատ արագ տեմպերով, հետեւաբար միմյանց հետ մրցելը սխալ քայլ է: Մրցակցությունից զատ պետք է լինի ինտեգրացիայի գաղափար, որը կօգնի համատեղ ուժերով բնակարանները դեպի ավտոմատացում տանել:
 
- Զանգվածային արտադրության դեպքում որքանո՞վ է հնարավոր այդ գործընթացը Հայաստանում իրականացնել:
 
- Երկար ենք քննարկել այդ հարցը: Այն բոլոր մասերը, որոնք հնարավոր կլինի հավաքել Հայաստանում, բնականաբար՝ կարվի այստեղ: Եթե լինեն համապատասխան որակյալ մատակարարներ, ապա անգամ գնի տարբերության դեպքում պատրաստ ենք գործընթացն այստեղ իրականացնել: Մեզ հարկավոր են, օրինակ, ալյումինից պատրաստվող կորպուսներ, սակայն մինչ օրս Հայաստանից նման առաջարկներ չենք ստացել:   

Հուլիսին Indiegogo-ում կմեկնարկենք crowdfunding արշավը: Crowdfunding-ի առավելությունն այն է, որ մարդիկ դեռ զանգվածային արտադրություն չունեցող պրոդուկտը ձեռք են բերում նախապես եւ շուկայականից ավելի ցածր գնով:

- Հաշվի առնելով, որ Հայաստանում սմարթ տները դեռ տարածված չեն, ի՞նչ քայլեր են պետք տներում ավտոմատացման լուծումներ ներդնելու համար:

- Պարզ լուծումներ են հարկավոր, եւ Moon-ը կարող է դառնալ դրանցից մեկը: Օրինակ, տեխնիկա ներմուծողները կարող են ավելի խիզախ գտնվել եւ Հայաստան բերել լուծումներ, որոնք սմարթ են: Դրանք կարող են մեկ օրվա մեջ չվաճառվել, բայց արդեն նկատելի է, որ շատ բիզնեսներ նորամուծություններն ընկալելու գործընթացում են այսօր:

Մենք ամեն ինչ անում ենք, որ այս գործընթացում շահի Հայաստանը, սակայն այս պահին թիրախը դրսի շուկան է:

- Ի դեպ, Moon-ը վերջին երկու ամսում Հայաստանում գործարկված երկրորդ օգտակար սմարթ լուծումն է՝ Volterman սմարթ դրամապանակից հետո:

- Պետք է նշել, որ նշված երկու ստարտափներն ունեն ընդհանուր ռազմավարություն՝ նպաստել Հայաստանում crowdfunding-ի հարթակի զարգացմանը, ինչպես նաեւ աջակցել այլ նախագծերի, որոնց համար crowdfunding-ը կլինի ֆինանսավորման ամենանախընտրելի տարբերակը:

photo © Moon


- Ձեր կարծիքով՝ ի՞նչն է անհրաժեշտ բարելավել Հայաստանի ՏՏ ոլորտում:

- Առաջին հերթին, անհրաժեշտ է բարելավել առաջարկ-պահանջարկի հարթակները: Շատերն են լսում ՏՏ ոլորտի մասին, բայց չգիտեն՝ ՏՏ որ ուղղությունն ընտրել: Պահանջարկ թելադրողները պետք է ավելի շատ ինֆորմացիա տրամադրեն հետաքրքրվողներին, գուցե սա պետք է պետական մակարդակով անել:

Ես դասավանդում եմ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում եւ ունեմ ուսանողներ, որոնք փոխելով ոլորտը՝ եկել են ՏՏ, քանի որ ոլորտին ծրագրավորողներից բացի, հարկավոր են այլ մասնագետներ: Առանց առաջխաղացման՝ որեւէ պրոդուկտ մեծ բարձունքների հասնելու հույս չի կարող ունենալ:

Վերջին տարիներին իրականում շատ բան է արվել, թե’ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, թե՛ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագծերի միջոցով, բայց ներուժն այնքան մեծ է, որ կարող ենք շատ ավելին անել: Կարծում եմ՝ ՏՏ ոլորտի տարեկան 20% աճը շատ ցածր ցուցանիշ է:  

Մեծ հույսեր եմ կապում հուլիսին կայանալիք Sevan Startup Summit-ի հետ: Դրան բազմաթիվ գործարարներ են ներկա լինելու, ինչը կարող է նպաստել ոլորտում ներդրումների կտրուկ աճին:

photo © Moon


- Որպես գործարար, ի՞նչ խորհուրդ կտաք հայաստանյան ստարտափներին:

- Խորհուրդ կտամ ուշադրություն դարձնել կազմակերպչական հարցերին, մենթորներին դիմել առանց ամաչելու, քանի որ բոլոր հաջողված ընկերությունների հիմնադիրներն այսօր խոստովանում են, որ ժամանակին լսել են մենթորների խորհուրդները:

Հատկապես Հայաստանում ինչ-որ հաջողությունների հասած մարդիկ մեծ սիրով են կիսվում իրենց փորձով, խորհուրդներ տալիս: Ստարտափը պետք է ուշադրություն դարձնի, թե ում հետեւի, ինչպիսի թիմ ստեղծի եւ այլն: Պետք է լրիվ հաշվարկել գինը՝ ավելի լավ է պրոդուկտը թանկ գնահատել, քան գրավիչ ցածր գին դնելով՝ հետո չկարողանալ այն մինչեւ վերջ հասցնել:

Սերգո Օհանովի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը