17:04 | 27.06.17 | Նորություններ | 33044

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ նոր անտառակայան է բացվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կայացել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) նոր անտառակայանի բացումը, որի նպատակը բնապահպանության ոլորտում գիտակրթական ուսումնասիրությունների խթանումն է:

Կայանը կառուցվել է էկո-նյութերով եւ հագեցած է նորագույն «կանաչ» տեխնոլոգիաներով: Այստեղ հնարավոր կլինի անմիջական շփում ունենալ վայրի բնության հետ, ստանալ անհրաժեշտ պայմաններ՝ բնագիտական հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար: 10 հազ. հա զբաղեցնող ապաստարանը առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում:

«Բոլոր խնդիրներն առաջանում են անտարբերությունից: Բնապահպանության նկատմամբ դրսեւորած յուրաքանչյուր անզգույշ վարքագիծ կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Անդառնալի այդ հետեւանքների կրողը դառնում է նույն այն հասարակությունը, որը ժամանակին ստեղծել է խնդիրը: Մարդիկ երբեմն կարող են անտարբեր լինել նաեւ տեղեկացված չլինելու պատճառով: Այսպիսի կենտրոնների առկայությունը շատերին կօգնի էկոկրթությունը հասանելի դարձնել շատերին եւ պատգամ հղել բոլորին. ավելի դյուրին է կանխարգելել խնդիրները, քան՝ գտնել դրանց լուծումը: Վստահ եմ, որ կենտրոնը կծառայի իր նպատակին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ապաստարանը գտնվում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կառավարման ներքո։