17:39 | 12.06.17 | Նորություններ | 17935

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները շարունակում են կամավորական նախաձեռնությունները

2016թ. ապրիլյան իրադարձություներից հետո ՎիվաՍել-ՄՏՍ -ի Ֆինանսների եւ հաշվապահության վարչության աշխատակիցները հանդես են եկել օգտակար լինելու նոր նախաձեռնությամբ:

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ այցելությունից հետո նրանք ստանձնել եւ յուրաքանչյուր ամիս 100-150-հազարական դրամ աջակցություն են տրամադրել հայրենիքի պաշտպանության ընթացքում առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերածներից 3-ի ընտանիքին:

2016թ. մայիսից մինչեւ օրս նրանց հատկացվել է ավելի քան 3,5 մլն դրամ: Միանվագ ֆինանսական աջակցություն է տրամադրվել 2 ընտանիքի, իսկ 2 զինվորի համար կառուցվել է բաղնիք եւ սանհանգույց: Այդ ամենի համար կամավորներն իրենց անձնական միջոցներից  հատկացրել են եւս 1,7 մլն դրամ:

«Հպարտ եմ մեր աշխատակիցների նախաձեռնությամբ: Հաճելի է տեսնել, թե ինչպես են նրանք համախմբվում նույն արժեհամակարգի շուրջ: Առաջին տարին չէ, որ կոնկրետ հենց այս վարչությունը կամավորության սկզբունքով ծրագիր է իրականացնում՝ օգտակար լինելով մեր հայրենակիցներին: Դրսեւորած մարդասիրությունն եւ ներդրումն անգնահատելի են»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի թիմը համագործակցել է նաեւ «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի հետ եւ բժշկական քայլակ է տրամադրել «Քայլմեդ» վերականգնողական կենտրոնին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսների եւ հաշվապահության վարչությունը տարվա ընթացքում «Քայլմեդ»-ին կտրամադրի եւս երեք քայլակ: Ընդհանուր առմամբ, կամավորության արդյունքում, այս վարչության կողմից ցուցաբերվել է շուրջ 6 մլն դրամի աջակցություն: