10:51 | 02.06.17 | Հոդվածներ | exclusive 89414

#ՏեխնոՄայիս. Ամփոփում

Խոշոր դրամաշնորհներ, նոր ստարտափներ եւ միջազգային շուկա դուրս գալու հաջողված փորձ՝ Itel.am-ն ամփոփում է #ՏեխնոՄայիսը:

#ArmenianTech

Մայիսի 30-ին Երեւանում անցկացվեց «Ապագային ընդառաջ» (Unleash the Future) տեխնոլոգիական միջոցառումը, որին մասնակցեց ՏՏ, գիտության եւ ձեռներեցության ոլորտի ավելի քան 200 ներկայացուցիչ: Նպատակն էր լրացնել հայ ձեռներեցների եւ գիտնականների սերունդների միջեւ հաղորդակցության բացը, ինչպես նաեւ քննարկել համաշխարհային տեխնոլոգիական միտումներն ու Հայաստանի դերն այդ համատեքստում:

Անցած ամիս հայտնի դարձան Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) ու Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) հաղթողները: Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում ընտրված 10 թիմերը ստացան €30 000-50 000 դրամաշնորհ, իսկ STEP մրցույթի 5 հաղթող արժանացավ €15 000 ֆինանսավորման:  

Հայկական Inapptics ստարտափն անցած ամիս հայտարարեց, որ մոբայլ հավելվածների համար արհեստական բանականության վրա մշակած իր անալիտիկ լուծումն արդեն հասանելի է բոլորին: Ստարտափն օրեր առաջ դարձավ նաեւ էստոնական Startup Wise Guys աքսելերատորի շրջանավարտ: Հունիսի սկզբին էլ Inapptics-ի թիմը պոտենցիալ ներդրողների հետ հանդիպումներ կունենա Ավստրիայում, Լեհաստանում, Լատվիայում եւ Բուլղարիայում:

Մայիսի 27-28-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում արդեն 9-րդ անգամ անցկացվեց «Բարքեմփ Երեւան» ամենամյա (Չ)կոնֆերանսը, որին շուրջ 1500 մարդ մասնակցեց:

Itel.am-ին անցած ամիս հայտնի դարձավ, որ սեպտեմբերի առաջին կեսին հայաստանյան շուրջ 15 ստարտափ հնարավորություն կունենա մասնակցելու «Բեռլին ստարտափ ակադեմիա» ծրագրին: Կազմակերպիչ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Եվա Նահերը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հայտերի ընդունման գործընթացը կմեկնարկի հունիսին:

Հայտարարվեց, որ հուլիսի 24-31-ը Սեւանա լճի ափին կայանալիք Sevan Startup Summit ամենամյա վրանային բիզնես ֆորումի մրցանակային ֆոնդը կկազմի $40 հազ.:
Այս տարի համաժողովին կմասնակցի 100-ից ավելի թիմ, որոնցից շուրջ 15-ը կստանա մրցանակներ:

Հայտնի դարձան «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի եւ «Ռենեսա» ներդրումային ընկերության համագործակցությամբ իրականացվող ինովացիոն ստարտափների ֆինանսավորման ծրագրի հաղթողները:  Հաղթող  ճանաչված AR magic եւ Webex technologies թիմերից յուրաքանչյուրը 10 մլն դրամի չափով ֆինանսական ներդրման առաջարկ կստանա:

Մայիսի 4-ին էլ Երեւանում կայացավ «Խթանելով նորարար աճը Հայաստանում. աջակցության եւ ֆինանսավորման հնարավորություններ ՓՄՁ-ների եւ ստարտափների համար» խորագրով միջոցառումը, որի ընթացքում  քննարկվեցին հայաստանյան ՓՄՁ-ների ֆինանսավորման հնարավորությունները:

Հարցազրույցներ

Իսպանացի ձեռնարկատեր, բիզնես հրեշտակ, Silicon Seeds սաղմնային ներդրումներով զբաղվող հիմնադրամի տնօրեն Չուս Լոզանոն Երեւանում Itel.am-ի հետ զրույցում պատմեց, որ մտադիր է հաջորդ տարի ընտանիքի հետ տեղափոխվել Հայաստան:
 
«Հիմա մտածում եմ այստեղ ներդրումներ կատարելու մասին: Կցանկանայի հատկապես կրթական ծրագրերում ներկայություն ունենալ: Կարծում եմ՝ դա լավ հնարավորություն է աշխատել եւ վերապատրաստել ստարտափներին, օգնել նրանց մուտք գործել միջազգային ասպարեզ: Այս պահին փորձում եմ ավելի լավ ճանաչել էկոհամակարգը: Նախընտրում եմ հանդես գալ որպես սմարթ բիզնես հրեշտակ… Այս պահին արդեն երկու ստարտափ ունեմ աչքիս տակ, որոնք, իմ կարծիքով, ունեն պրոդուկտ, որտեղ ես կհետաքրքրվեի ներդրում կատարելով»:  

Զրուցեցինք նաեւ Microsoft-ի ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի նորանշանակ ղեկավար Ռոնալդ Բինկոֆսկիի հետ, ով կարծիք հայտնեց, որ այսօր աշխարհն արագ առաջ գնալու բազմաթիվ հնարավորություններ է տալիս:

«Կարծում եմ՝ այսօր աշխարհում երիտասարդները պետք է երկու կարեւոր հանգամանք հաշվի առնեն: Տեխնոլոգիական տեսանկյունից հարկավոր է շատ կրթված լինել, քանի որ տեխնոլոգիան արդեն դառնում է կյանքի անբաժանելի մասը: Երկրորդը՝ պետք է բաց լինել աշխարհի, բազմազան մշակույթների նկատմամբ: Երիտասարդները պետք է ցատկեր կատարեն իրենց զարգացման քայլերում եւ միաժամանակ փորձեն սովորել ուրիշներից՝ առանց վախենալու ստեղծելով սեփական բրենդը»,- ասել է նա:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գործարարության աջակցման գրասենյակի իրավական խորհրդատու Իզաբելա Հովհաննիսյանը մեզ հետ հարցազրույցում կարծիք հայտնեց, որ ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին տրամադրվող պետական աջակցության ժամկետների երկարաձգումը պայմանավորված է դրա պահանջվածությամբ:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության» մասին օրենքում նախատեսվող փոփոխություններին, աջակցության մեխանիզմի արդյունավետությանն ու ոլորտի հիմնախնդիրներին անդրադառնալով, նա նշել է, որ հարկային արտոնության ժամկետների երկարաձգումը կնպաստի նոր ընկերությունների բացմանը, որոնք հետագայում կզարգանան եւ կայանալով՝ կտեղափոխվեն նորմալ հարկային դաշտ:  

Նոր ստարտափներ

Անցած ամիս պատմեցինք Հայաստանում մշակված One-Click Key ստարտափի մասին, որի հեղինակները նախագծել են ինֆորմացիայի պահպանման կրիչ, որը ճանաչում է օգտագործողին՝ արյունատար անոթների նույնականացման միջոցով:

Itel.am-ի հետ զրույցում ստարտափի հիմնադիր Տիգրան Ջհանյանը պատմեց, որ նախագիծը դեռ կյանքի չի կոչվել, սակայն ստարտափն անցած ամիս Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում ստացել է €15 հազ. ֆինանսավորում: Տիգրան Ջհանյանի խոսքով՝ դրամաշնորհն օգտագործելու են տեխնոլոգիան խորությամբ ուսումնասիրելու եւ սարքը մշակելու նպատակով:   

Մեր մյուս անդրադարձը Հայաստանում գործող Volterman ստարտափին էր, որի մշակած սմարթ դրամապանակը հնարավորություն է տալիս անվտանգ պահել այն, իսկ կորցնելու դեպքում՝ հեշտությամբ գտնել: Շուկայում առկա նմանատիպ պրոդուկտներից այն տարբերվում է առկա տեսախցիկով, WiFi-ի եւ GPS տեղորոշիչի գործառույթներով:

Զրուցեցինք նաեւ TripPlannera ստարտափի հետ, որի մշակած հարթակն առաջարկում է ճանապարհորդության պլանավորում Հայաստանից դուրս: Ներկայում հարթակից օգտվողների թիվը շուրջ 6000 է, իսկ թիրախային ուղղություններն են Նյու Յորքը, Փարիզը, Լոնդոնը, Հռոմը, Բարսելոնան եւ Մյունխենը:

Նարինե Դանեղյան