12:46 | 01.06.17 | Նորություններ | exclusive 13021
PicsArt-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանն ասել է, որ ստարտափ հիմնադրելիս առաջին իսկ օրվանից անհրաժեշտ լուծումներ առաջարկել արհեստական բանականության (AI) օգտագործմամբ:
Այս մասին նա նշել է Երեւանում անցկացված «Ապագային ընդառաջ» (Unleash the Future) տեխնոլոգիական կոնֆերանսի ժամանակ:
«Մրցունակ պրոդուկտ ունենալու եւ մյուսներից մեկ քայլ առաջ լինելու համար պետք է մտածել՝ AI First: Հայաստանն արհեստական բանականության ներդրման հետ կապված առավելություններ ունի՝ ունեցել ենք մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ավանդույթներ, հայտնի դպրոցներ. դրանց հիման վրա կարելի է ստեղծել նոր տեսակի դպրոցներ: Սրան գումարած՝ Սփյուռքում ունենք արհեստական բանականության փորձառու մասնագետներ: Բացի այդ, Հայաստանում առկա է ՏՏ ընկերությունների կրիտիկական քանակ, որը ստեղծում է պահանջարկ: Այսօր արդեն գոյություն ունի արհեստական բանականության մասնագետների զգալի պահանջարկ, եւ այդ հարցը պետք է լուծել»,- ընդգծել է Հովհաննես Ավոյանը:
PicsArt-ի տնօրենի խոսքով՝ Հայաստանում այսօր զգացվում է արհեստական բանականության մասնագետների եւ AI դպրոցի անհրաժեշտություն:
«Սիլիկոնյան հովտից դուրս լավագույնն են համարվում արհեստական բանականության ռուսական, ուկրաինական, բելառուսական դպրոցները, եւ Հայաստանը կարող է օգտվել այդ հանգամանքից: PicsArt-ը, օրինակ, արդեն որերորդ մասնագետին է հրավիրում Ռուսաստանից: Արհեստական բանականությունը մեր ապագան է. այն ուղղակի տեխնոլոգիա չէ, եւ PicsArt-ը դառնում է AI-ի վրա հիմնված ընկերություն»,- հայտարարել է Հովհաննես Ավոյանը:
Նա տեսակետ է հայտնել, որ արհեստական բանականության գլոբալ շուկայի առաջատար դառնալու համար Հայաստանը պետք է առաջին հերթին աշխատի կրթության ոլորտում:
«Հարկավոր է կրթել մաթեմատիկայի, վիճակագրության ասպարեզում լավ հիմք ունեցող մարդկանց, AI ծրագրերը ներառել բակալավրի եւ մագիստրատուրայի ծրագրերում, ինչպես նաեւ դասախոսներ, մասնագետներ հրավիրել այլ երկրներից: Ամեն ինչ չէ, որ ինքներս կարող ենք հորինել, պետք է նաեւ դրսից փորձ ստանալ: Պետք է մտածել Հայաստանում AI-ին նվիրված հաքաթոններ կազմակերպելու, մոբայլ հավելվածներ մշակելու մասին»,- նշել է նա:
PicsArt-ի համահիմնադիրը շեշտել է, որ AI-ի կիրառումը կնպաստի Հայաստանում մեծ ծավալով արտադրողականության բարձրացմանը:
«Պետք է կարողանալ շուտ արձագանքել, մարդկանց պատրաստել ավտոմատիզացիային: Միշտ ինչ-որ մասնագիտություններ անհետանում են, եւ ուրիշները՝ ստեղծվում: Այդ ամենը ճիշտ հասկանալով՝ գործընթացը կարելի է օգտագործել սեփական շահերի համար, եւ ստանալ տնտեսական զգալի աճ: Հայաստանի համար կարեւոր են նաեւ AI-ի ռազմական կիրառությունները: Շատ արագ արձագանքելու դեպքում հնարավոր կլինի ունենալ առավելություն հակառակորդի նկատմամբ, իսկ եթե դա չհաջողվի, ապա հետ կընկնենք մրցակցությունից: AI մասնագիտացած երկիր դառնալը կբարձրացնի նաեւ Հայաստանի հեղինակությունը, ինչը կհանգեցնի մեծ ընկերությունների կողմից Հայաստանի նկատմամբ հետարքրքության աճին»,- ամփոփել է Հովհաննես Ավոյանը:
Նարինե Դանեղյան