17:18 | 23.05.17 | Նորություններ | 3492

ՄԻԿ Հայաստանը Sevan Startup Summit-ի շրջանակում Campathon կկազմակերպի

Հուլիսի 27-28-ին կայանալիք Sevan Startup Summit 2017-ի շրջանակում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի եւ «ԳլոբալԷյԷմ» ՀԿ-ի հետ համատեղ կկազմակերպի Campathon:

24 ժամ տեւողությամբ հաքաթոնի ընթացքում մասնակից թիմերը Սեւանա լճի ափին կմշակեն տեխնոլոգիական լուծումներ տարբեր ոլորտների խնդիրների համար եւ կներկայացնեն մրցույթի ժյուրիի դատին։ Լավագույն երկու թիմերը կազմակերպիչների կողմից կստանան $1000 եւ $500:

Դիմում-հայտերը հասանելի են այստեղ մինչեւ հունիսի 20-ը:

Campathon-ը հագեցած կլինի նաեւ հետաքրքիր եւ օգտակար դասընթացներով, որոնց ընթացքում մասնակից թիմերը կծանոթանան պրոդուկտի ստեղծման տարբեր նրբությունների։

«Ուրախ ենք, որ համագործակցելով Sevan Startup Summit-ի կազմակերպիչների հետ՝ կարող ենք հնարավորություն տալ երիտասարդներին ինքնաարտահայտվել եւ ստեղծագործել՝ օգտագործելով տեխնոլոգիական լուծումներ։ Նախատեսում ենք ավելի քան 30 թիմի մասնակցություն, որոնք, իրենց հետ բերելով իրենց ստեղծագործ միտքը, թիմային աշխատանքի շնորհիվ կկարողանան կյանքի կոչել հետաքրքիր լուծումների նախատիպեր, որոնք կարող են լինել հետաքրքիր ստարտափ նախագիծ ստեղծելու առաջին քայլերը»,- ասել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը։