13:58 | 15.05.17 | Նորություններ | 13639

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորից աջակցում է «Ավրորային»

Երեւանի կոնյակի գործարանը, Պանարմենիան Մեդիա Գրուպը եւ Վիվասել-ՄՏՍ ընկերությունը շարունակում են աջակցել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը՝ որպես գլխավոր գործընկերներ:

Ինչպես 2016 թվականին, այնպես էլ այս տարի ընկերություններն աջակցում են՝ իրականացնելու 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ ուղեկցող միջոցառումները:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը զորավիգ է «Ավրորա» նախաձեռնությանը՝ մարդասիրության մերօրյա նվիրյալների՝ զոհողություններով ու վտանգներով լի  առաքելության իրականացմանն աջակցելու գործում: Անցյալի ցեղասպանությունների ու հումանիտար աղետների վերաբերյալ մարդկությանն իրազեկելուն, դրանց դատապարտմանն ու կրկնության կանխարգելմանն ուղղված աշխատանքները փոխկապակցված են եւ ուղղված են մեկ նպատակի՝ ի ցույց դնել առաջադեմ մարդկության հավաքական կամքն ու վճռականությունը՝ բարին ու ճշմարիտը աշխարհով մեկ տարածելու գործում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ավրորան շնորհակալ է իր գլխավոր գործընկերներին շարունակական աջակցության համար, ինչպես նաեւ այն բոլոր կազմակերպություններին եւ անհատներին, որոնք իրենց հնարավորություններն ու միջոցներն են ներդնում լավագույնս կազմակերպելու 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ ուղեկցող միջոցառումները: Միայն համատեղ ուժերով է հնարավոր՝ աշխարհի ուշադրությունը հրավիրել հումանիտար խնդիրներին եւ օգնության ձեռք մեկնել կարիքի մեջ գտնվող մարդկանց», - ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արման Ջիլավյանը: