11:29 | 18.04.17 | Հարցազրույցներ | exclusive 135624

Ալեն Զամանյանը՝ Google-ում իր աշխատանքի եւ «Թումո»-ի խելացի սաների մասին

Google-ի ծրագրային ինժեներ Ալեն Զամանյանն օրեր առաջ Երեւանում եւ Ստեփանակերտում մեքենայական ուսուցման (machine learning) վերաբերյալ դասընթաց ներ է վարել «Թումո» կենտրոնների սաների համար:

Itel.am-ը զրուցել է Լոս Անջելեսում բնակվող ծրագրավորողի հետ:

- Հայաստանի շատ ծրագրավորողների երազանքն է աշխատել Google-ի եւ Facebook-ի նման թոփ կորպորացիաներում: Ինչպե՞ս դա ստացվեց ձեր դեպքում:

- Google-ից առաջին անգամ ինձ հետ կապ հաստատեցին, երբ աշխատում էի Կալիֆոռնիայի համալսարանում, որի շրջանավարտն էի: Նոր էի ավարտել մագիստրատուրան, սկզբում հեռախոսային հարցազրույց էր, հետո կանչեցին գրասենյակ՝ երկրորդ փուլի համար: Ցավոք, այդ փուլը չանցա: Այլ աշխատանք գտա, մոտ մեկ ու կես տարի աշխատեցի, ապա Google-ից կրկին հրավիրեցին հարցազրույցի, այս անգամ արդեն ընդունվեցի աշխատանքի:

- Ի՞նչ հատկանիշներ են առաջին հերթին հաշվի առնում թոփ տեխնո ընկերությունները՝ աշխատանքի ընդունելիս:

- Կարեւոր է առաջին հերթին ուսումը, ապա՝ աշխատանքային փորձը եւ նախկինում որեւէ ազդեցիկ նախագծի մաս կազմելը: Լավ է, երբ թեկնածուն ունի այս երեքի կոմբինացիան: Կարծում եմ, իմ դեպքում աշխատեց նաեւ այն հանգամանքը, որ կորպորացիաները հաճախ են աշխատողներ ընտրում Կալիֆոռնիայի համալսարանից:

Ընդ որում, նման հարցազրույցները բավական բարդ են, եւ ժամանակ է պետք՝ դրանց պատրաստվելու եւ լավ ներկայանալու համար: Շատ են լինում նաեւ տեխնիկական հարցերը:

- Սա Ձեր առաջին այցը չէ Հայաստան, բայց առաջին անգամն է, որ «Թումո»-ի սաներին եք դասավանդում:  Ինչպիսի՞ն են տպավորությունները:

- Պետք է ասեմ, որ «Թումո»-ին ծանոթ չէի, սակայն լսել էի նրա մասին: Եկա, ծանոթացա, եւ շատ ոգեշնչված եմ. սա բացառիկ վայր է՝ աշխատելու եւ սովորելու համար: Չէի սպասում, որ աշակերտներն այդքան արագ կըմբռնեին մաթեմատիկան եւ machine learning-ի հետ կապված բարդ գաղափարները:

Հինգ օր աշխատել եմ Երևանի «Թումո»-ի սաների հետ եւ նույնքան՝ Ստեփանակերտի «Թումո»-ում: Այնքան մեծ էր հետարքրքությունը, որ անգամ իմ նախապես պատրաստած ուսուցողական նյութը քիչ էր 5 օրվա համար: Երեխաների ոգեւորությունից ես էլ էի էներգիա ստանում:

Փորձում եմ գոնե 2 տարին մեկ գալ Հայաստան, եւ մտադիր եմ հաջորդ անգամ այցելելիս եւս դասավանդել՝ գուցե ՀՀ մյուս քաղաքներում գտնվող «Թումո»-ներում:

- Ձեր կարծիքով՝ ո՞րն է ավելի ճիշտ՝ սկսել աշխատել ընկերությունում եւ ավելի ուշ ստեղծել սեփական ստարտափը, թե՞ ռիսկի դիմել եւ ի սկզբանե սեփական ստարտափը հիմնել:

- Կարծում եմ՝ ցանկացած ծրագրավորող ցանկանում է ինքնուրույն մի նոր բան ստեղծել: Իմ մտքում էլ կա սեփական ստարտափ հիմնելը, սակայն այդ կետին դեռ չեմ հասել:

Երկու ձեւն էլ ընդունելի են, սակայն, իմ կարծիքով, զրոյից ստարտափ սկսելը շատ ավելի հեշտ է, քանի որ ռիսկը մեծ չէ, ու մարդը կորցնելու շատ քիչ բան ունի: Իսկ կորպորացիայում աշխատելիս ունես կայուն աշխատավարձ եւ ինչ-որ բան կորցնելու ռիսկն ավելի է մեծանում: Կարծում եմ նաեւ, որ ստարտափում աշխատելիս մարդն ավելի արագ ու ավելի շատ գիտելիքներ է ձեռք բերում:

Եթե կորպորացիայում սահմանափակվում ես նեղ մասնագիտական թեմայի վրա աշխատելով, ապա ստարտափում, որի թիմը փոքր է, ստիպված ես ուսումնասիրել տարբեր ուղղություններ, ինչը թույլ է տալիս ավելի շատ հմտություններ զարգացնել: Մարդն այդպես շատ ավելին է սովորում, քան կորպորացիայում աշխատելու պարագայում:

- Ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան ՏՏ-ի վերջին տարիների աճը:

- Ակնհայտ է, որ հայկական ՏՏ-ում կա կտրուկ աճ, սակայն միաժամանակ՝ ոլորտում առկա են մեծ թվով թափուր աշխատատեղեր: Հետեւաբար, մասնագետներ վերապատրաստելու տեսանկյունից մեծ աշխատանք պետք է տարվի: Ճիշտ է, գործազրկության մակարդակը բարձր է, սակայն հիմնականում գործազուրկները ՏՏ ոլորտում չեն լրացնում մասնագետների պակասը:

Հայաստանում շատ գործ կա անելու, եւ ամեն անհատի ներդրումը կարող է շատ մեծ ազդեցություն ունենալ: Հայաստանի՝ արագ տեմպերով զարգացմանը պետք է մասնակցի ամբողջ հայությունը: Սրանից կշահի ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլեւ ցանկացած հայ: Օրինակ, ես «Թումո» եկա, որ նոր բան սովորեցնեմ հայ երեխաներին, սակայն ինքս էլ շատ բաներ սովորեցի:

Այս այցն ինձ համար ինչ-որ առումով փորձնական քայլ էր, որի նպատակներից էր կապ հաստատել ոլորտի մասնագետների ու նոր սերնդի ներկայացուցիչների հետ։ Հետագայում նպատակ ունեմ տեղափոխվել Հայաստան, որպեսզի կարողանամ արդեն այստեղ գործունեություն ծավալել՝ նպաստելով ՏՏ ոլորտի զարգացմանը:

Հայ ծրագրավորողներին էլ խորհուրդ կտամ հետեւյալը՝ միշտ ընտրե՛ք դժվար առաջադրանք, որովհետեւ դրանով եք տարբերվելու մյուս ծրագրավորողներից եւ ավելի մեծ հաջողությունների հասնելու հնարավորություն եք ստանալու:

Ալեն Զամանյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը