12:24 | 14.04.17 | Նորություններ | 16833

Ucom-ը շրջայց է կատարել Ազատամուտի «Արմաթ» լաբորատորիա

Ucom ընկերության եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի միջնակարգ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիա:

Այս լաբորատորիայում ինժեներական եւ ծրագրավորման գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերող սաները հիմնականում 6-7-րդ դասարանների աշակերտներ են, որոնք փորձում են հանրահաշվի, երկրաչափության եւ ֆիզիկայի դասընթացների ժամանակ սերտած գիտելիքները գործնականում կիրառել: Երեխաներն ինքնուրույն փորձում են ոչ միայն համակարգչի օգնությամբ մոդելավորել, այլեւ տպել տարբեր առարկաներ, խաղեր ծրագրավորել, անիմացիաներ ստեղծել: Նրանցից մի քանիսն իրենց ունակությունները դրսեւորել են նաեւ տեխնոլոգիական ճամբարում:

«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացվող այս նախագծի երկարաժամկետ արդյունքը պետք է լինի ստեղծարար, հնարամիտ ու հայրենիքին օգուտ բերող սերունդը: Շատ կարեւոր է, որ հետագայում այս երեխաները կարողանան իրականություն դարձնել այն, ինչի մասին այսօր մեզ պատմեցին», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Որոշել եմ դառնալ ինժեներ, ոչ թե ծրագրավորող, քանի որ վերջինս բոլորովին այն չէ, ինչ ուզում եմ: Աշխատելու եմ արհեստական բանականությամբ աշխատող մի ռոբոտ ստեղծել: Ռոբոտաշինության դասընթացներին միայնակ աշխատելու ընթացքում շատ հաճախ թերանում էի, սակայն երբ միավորեցի ուժերս ընկերոջս՝ Գարիկի հետ, հաջողություն ունեցա»,- ասել է Ազատամուտի միջնակարգ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սան Էդգար Ղալումյանը:

ԻՏՁՄ-ի եւ Ucom ընկերության միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը  ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող  շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաեւ սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները եւ այլ սարքերը։