10:49 | 30.03.17 | Նորություններ | 10521

ԱՄՆ դեսպանը հանդիպել է ՏՏ ոլորտի կին ներկայացուցիչների հետ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նախօրեին հանդիպել է Հայաստանի ՏՏ ոլորտի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ծրագրերի կին շահառուների հետ:  

«Ցավոք հաճախ ենք դեռ բախվում այն կարծրատիպին, որ հաջողակ ՏՏ մասնագետը տղամարդ է: Սակայն իրականում կանայք գնալով ավելի կարեւոր դեր են խաղում կոդավորման, արտադրանքի մշակման, վեբ-դիզայնի եւ ՏՏ ոլորտի այլ ասպարեզներում: Սա առավել քան ճշմարիտ է Հայաստանի դեպքում, ինչի վառ ապացույցը այսօր այս սենյակում հավաքված տաղանդի եւ փորձի հարստությունն է: Դուք ՏՏ ոլորտի մի խումբ մասնագետներ եք, կին մասնագետներ, ովքեր իրենց ստեղծագործական, խնդիրների լուծման կարողության եւ տեխնիկական պատրաստվածության շնորհիվ ջանում են խթանել Հայաստանի տնտեսության զարգացումը: Ես հպարտ եմ, որ Միացյալ Նահանգները, մեծամասամբ ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով, կարողացել է աջակցել ձեզ եւ օգնել ձեզ կյանքի կոչել ձեր ներուժն ու ձգտումները»,- ասել է Ռիչարդ Միլսը:

ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցել է Հայաստանի ՏՏ ոլորտի կին ձեռներեցների մի շարք ծրագրերի, այդ թվում՝ երեք նորարարական տեխնոլոգիական կենտրոնների ստեղծման միջոցով. Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները եւ Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը:

«Կանանց զբաղվածության աճը կարող է մեծ ներուժ հանդիսանալ Հայաստանի տնտեսության առաջխաղացման համար: Ներկայում կանայք կազմում են Հայաստանի տնտեսապես ոչ ակտիվ բնակչության 67%-ը, իսկ նրանց գործազրկության մակարդակը տղամարդկանց գործազրկության մակարդակի գրեթե կրկնակին է (համապատասխանաբար` 51,5 եւ 21,8%)»,- ասված է հաղորդագրությունում: