17:31 | 24.03.17 | Նորություններ | 3930

Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ երկրների ՏՏ ոլորտի ղեկավարներին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ՏՏ ոլորտի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ համոզմունք է հայտնել, որ նրանց մասնակցությունը Հայաստանում ընթացող աշխատաժողովին նոր խթան կհաղորդի համագործակցությանը:

«Մենք համատեղ ստեղծել ենք լավ ներուժ ունեցող ակումբ եւ կարեւորում ենք ԵԱՏՄ շրջանակում տեղեկատվական տեխնոլոգիաների ու թվայնացման ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացումը»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը:

ԵԱՏՄ պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատաժողովին մասնակցելու նպատակով:

ԵԱՏՄ անդամ երկրների ՏՏ ոլորտի ղեկավարները ընդգծել են, որ նման աշխատանքային հանդիպումները լավ հարթակ են՝ ոլորտին վերաբերող հարցերը քննարկելու համար:

Նրանք նաեւ տեղեկացրել են, որ աշխատաժողովի շրջանակում նախատեսվում է անդրադառնալ թվայնացման եւ ՏՏ բնագավառում փոխգործակցության օրակարգին, ինչպես նաեւ յուրաքանչյուր անդամ երկրում համակարգման մարմնի ստեղծմանը վերաբերող հարցերին: