14:33 | 11.03.17 | Նորություններ | 4363

Վարչապետն այցելել է Տեղ գյուղի նորաբաց «Արմաթ» լաբորատորիա

Մարտի 10-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի նորաբաց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) եւ «Գոր մետալ» ընկերության աջակցությամբ բացված լաբորատորիայում անվճար կրթություն կստանան ինչպես Տեղ գյուղի, այնպես էլ հարակից բնակավայրերի դպրոցականները: Եռաչափ տպիչով, համակարգիչներով եւ ռոբոտաշինության հավաքածուներով կահավորված լաբորատորիայում աշակերտները կսովորեն ծրագրավորման եւ ռոբոտաշինության հիմունքներ:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը վարչապետին ներկայացրել է Միության կողմից իրականացվող կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի նպատակներն ու հնարավորությունները: Վարչապետն իր հերթին կարեւորել է տեխնոլոգիական կրթության շարունակական զարգացումը երկրում եւ ընդգծել, որ Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարող է դառնալ տնտեսության առաջընթացի շարժիչ ուժ:

Ներկայում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ գործում են ՀՀ-ի (ներառյալ Արցախի) շուրջ 200 դպրոցներում: «Արմաթ»-ում այժմ սովորում է ավելի քան 5000 դպրոցական: