11:34 | 07.03.17 | Նորություններ | 8864
Ամերիկյան Y Combinator աքսելերատորը սկսել է հայտերի ընդունումը Startup School անվճար օնլայն կրթական ծրագրին մասնակցելու համար:
Y Combinator-ի բլոգում տեղադրված հայտարարության համաձայն՝ ծրագիրը կմեկնարկի ապրիլի 5-ին եւ իրենից կներկայացնի դասախոսությունների 10-շաբաթյա ծրագիր:
Ամեն երեքշաբթի դասախոսություն կարդացողների թվում կլինեն WhatsApp-ի, Stripe-ի, Reddit-ի, Twitch-ի, Quora-ի, Facebook-ի եւ այլ հաջողակ ընկերությունների հիմնադիրներն ու ղեկավարները: Նրանք կկիսվեն գաղափարի որոնման, ստարտափի մեկնարկի, նոր օգտատերերի ներգրավման, ներդրումների իրենց փորձով:
Դասախոսությունները հասանելի կլինեն ծրագրի կայքում: Y Combinator-ը նաեւ առանձին բաժին կունենա նրանց համար, ովքեր արդեն իսկ աշխատում են սեփական նախագծերի վրա: Գրանցումից հետո ձեւավորված խմբերին կուղղորդեն մենթորներ, որոնք կընտրվեն աքսելերատորի շրջանավարտներից:
Գրանցված մասնակիցների համար շաբաթը մեկ անգամ մենթորները նաեւ լրացուցիչ օնլայն խորհրդատվություն կտրամադրեն: