Փետրվարը բավական ակտիվ էր թե համաշխարհային ՏՏ ոլորտում, թե Հայաստանում՝ նոր ներդրումներից մինչեւ Լատվիայում TechChill միջազգային միջոցառման լուսաբանում:
Itel.am-ն ամփոփում է հագեցած #ՏեխնոՓետրվարը:
Հայաստան
Ամիսը նշանավորվեց հայաստանյան ստարտափում արտասահմանյան ներդրման մասին հայտարարությամբ: Լրացված իրականության լուծումներ մշակող Triple-E ստարտափը ներդրում ստացավ հոլանդական Crosspring ինկուբատորից:
Փետրվարին հայտնի դարձավ, որ Երեւանը միացել է աշխարհում ամենամեծ ստարտափ համայնքին՝ Startup Grind-ին, որը միավորում է աշխարհի ավելի քան 200 քաղաք, 98 երկիր եւ 1 մլն ձեռներեց:
Հայկական Koreez ընկերության մշակած Roofbot դասական փազլ խաղը ճանաչվեց ամբողջ աշխարհում AppStore-ի «Շաբաթվա անվճար մոբայլ հավելված»:
Փետրվարին պատմեցինք նաեւ նկարների տպագրության OnlineKodak հարթակի մասին, որը հնարավորություն է տալիս լուսանկարը տպագրելու առցանց հրահանգ ուղարկել եւ ստանալ լուսանկարը «Հայփոստ»-ի սուրհանդակից՝ նախընտրած վայրում:
Անցած ամիս գործարկվեց «ներկիր ինքդ» սկզբունքով գունազարդման Pic Pen անվճար խաղը, որը հասանելի է AppStore-ում:
Հայտնի դարձավ նաեւ, որ ՏՏ ոլորտի հայաստանյան 17 ընկերություն մարտի 9-10-ը Լոնդոնում բիզնես գործընկերներ կփնտրեն:
Միջոցառումը երկու երկրների պատմության մեջ ամենախոշոր համատեղ բիզնես նախաձեռնությունն է:
Հարցազրույցներ
Itel.am-ը մասնակցեց փետրվարի 9-10-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացած TechChill տեխնոլոգիական միջոցառմանը, որը 26 երկրից հյուրընկալել էր 1000-ից ավելի ներդրողների, ստարտափների հիմնադիրների, ձեռներեցների եւ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների:
Միջոցառման շրջանակում զրուցեցինք խոսնակներից մի քանիսի հետ:
Ֆիլ Գիխարոն, որը աշխարհում ամենահայտնի ստարտափ աքսելերատորներից մեկի՝ Techstars-ի, ինչպես նաեւ Startupbootcamp աքսելերատորների գլոբալ ցանցի մենթորներից է, հայկական ստարտափներին տվեց հետեւյալ խորհուրդը.
«Խորհուրդս մեկն է՝ լրջորեն վերաբերվել պրոդուկտի վաճառքի գործընթացին: Իհարկե, կարող եք մտածել, որ դուք լավագույնն եք եւ նստել, սպասել նրան, որ հաճախորդներն իրենք ձեզ գտնեն: Սակայն ավելի լավ է գործընթացն այնպես կազմակերպել, որ վստահ լինեք՝ ամեն շաբաթ հանդիպելու եք այսքան թվով պոտենցիալ հաճախորդների»:
Զրուցեցինք նաեւ Սամեր Քարամի հետ, որը Լիբանանում բնակվող հրեշտակ ներդրող է: Նա StartUp Megaphone-ի հիմնադիրն է, որը Լիբանանի Կենտրոնական բանկի պատվերով զբաղվում է երկրի ստարտափ էկոհամակարգի իմիջի մշակմամբ:
«Լիբանանը տաղանդներ արտահանող երկիր է: Կարելի է ասել, որ լիբանանցիները երկրից դուրս շատ ավելի լավ են իրենց դրսեւորում, քանի որ չեն բախվում սահմանափակումների: Սակայն կարծում եմ, որ այն պահին, երբ Լիբանանը վերադառնա աճի եւ բարգավաճման առողջ միջավայր, այդ մարդկանցից շատերը վերադառնալու են հայրենիք»,- զրույցի ընթացքում նշեց նա:
Startup Sesame-ի գործադիր տնօրեն Բեն Կոստանտինին էլ մեզ հետ զրույցում ասաց, որ հետաքրքրվում են նաեւ Արեւելյան Եվրոպայով:
«Մենք հետաքրքրված ենք Արեւելյան Եվրոպայում ավելի մեծ ներկայացված լինելու հեռանկարով: Հարկ է նշել, որ ունենք, այսպես կոչված, գործընկերային միջոցառումներ (partner events), եւ եթե մարդիկ ցանկանում են համագործակցել մեզ հետ, կարող են գրել մեզ»:
Փետրվարին նաեւ հարցազրույց ներկայացրինք հոլանդացի ձեռներեց եւ ներդրող, Crosspring սաղմնային (seed) աքսելերատորի եւ ինկուբատորի հիմնադիր Մորիս Բեքենդ Վերվիի հետ: Գործարարը խորհուրդ տվեց ավելի շատ ճանապարհորդել եւ կապեր ստեղծել.
«Ցանցի ստեղծումը կարեւոր է, թույլ տվեք, որ դիմացինը ցույց տա, թե ինչ արժեքներ ունի: Գուցե լինեն մի շարք բաներ, որոնք չեք հավանի, բայց ավելի լավ է այդ մասին նախապես իմանալ: Եթե հայկական ստարտափներին հետաքրքրի, ապա կարող են այցելել Նիդեռլանդներ եւ մի քանի օր անվճար անցկացնել մեր գրասենյակում, կապեր հաստատել տեղական ստարտափների հետ: Եվրոպայում կան նմանատիպ այլ կենտրոններ եւս, որոնց հետ մենք կապի մեջ ենք, եւ նրանք եւս ուրախ կլինեն հյուրընկալել այդ ստարտափներին»:
Ամսվա հաջորդ հարցազրույցը Լոնդոնում եւ Երեւանում տեղակայված Benivo-ի հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Նիցան Յուդանի հետ էր:
«Կարեւոր է սովորել հաճախ լսել ՈՉ բառը: Այս ոլորտում այդ բառը սովորականից շատ եք լսելու, եւ միաժամանակ պետք է պատրաստ լինեք շարունակել վաճառել ձեր պրոդուկտը բոլորին: Ձեռներեցությունը բավական բարդ ուղի է, մարդիկ շատ են խոսում հաջողության մասին, սակայն այդ հաջողության հիմքում համառ աշխատանքն է: Այս ոլորտը էմոցիոնալ եւ ֆիզիկական տեսանկյունից հաճախ «ամերիկյան ոլորաններ» է հիշեցնում: Իրականում միակ բանը, որը կարեւոր է, ԱՅՈ-ն է»,- հարցազրույցում շեշտել էր Benivo-ի հիմնադիրը:
Փետրվարին նաեւ նոր շարք սկսեցինք. «ՏՏ-ն երեկ, այսօր, վաղը», որի շրջանակում հաջողակ ընկերությունների հիմնադիրներն ու ղեկավարները ներկայացնում են իրենց անցած ուղին եւ խորհուրդներ տալիս սկսնակներին: Արդեն զրուցել ենք Arloopa ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Արման Աթոյանի եւ Joomag ընկերության տարածաշրջանային (Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի գծով) տնօրեն Տիգրան Բադալյանի հետ:
Աշխարհում
Փետրվարին Uber-ը լքեց ընկերության Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնի ինժեներական գծով տնօրեն Րաֆֆի Գրիգորյանը: Մեր հայրենակիցը Uber-ին միացել էր 2015թ. մարտին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Twitter-ի փոխնախագահի պաշտոնը:
Էլոն Մասկի հիմնադրած SpaceX ընկերությունը հայտարարեց, որ 2018թ. երկու զբոսաշրջիկի կուղարկի Լուսնի շուրջը թռիչքի: Թռիչքը կիրականացվի Dragon 2 (Crew Dragon) տիեզերանավով, որը բաց կթողնվի Falcon Heavy հրթիռով: Լուսնի վրա կանգառ նախատեսված չէ, իսկ ամբողջ ճանապարհորդությունը կտեւի 1 շաբաթ:
Հայտնի դարձավ, որ «Վիմպելկոմ» հոլդինգը վերանվանվելու է VEON` պայմանավորված ինտերնետային համանուն հարթակի գործարկմամբ: VEON-ը միավորում է դատա-վերլուծությունները եւ արհեստական բանականությունը: Միաժամանակ, հարթակը թույլ է տալիս օգտատերերին մնալ կապի մեջ անգամ այն դեպքում, երբ սակագնային պլանով նախատեսված դատա-փաթեթը սպառվել է:
WhatsApp-ը գործարկեց Status գործառույթը, որը հնարավորություն է տալիս հրապարակել ինքնաոչնչացվող լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնք կանհետանան 24 ժամ անց:
Նոր գործառույթ ներկայացրեց նաեւ Instagram-ը՝ մեկ գրառման մեջ՝ սլայդի տեսքով մինչեւ 10 լուսանկար եւ տեսանյութ հրապարակելու հնարավորություն:
Հայտնի դարձավ, որ վենչուրային հիմնադրամ ստեղծելու մտադրություն ունի ռեփեր Jay Z-ն: Հիմնադրամը կաջակցի սաղմնային փուլում (seed round) գտնվող ստարտափներին աջակցելու նպատակով:
Ստարտափներին աջակցելու ցանկություն ունի նաեւ Booking.com-ը, որը €2 մլն կներդնի էկոտուրիզմի ոլորտում ստարտափների աջակցությանն ուղղված Booking.com Booster ծրագրում:
Ռոբոտները, որոնք ավտոմատացման գործընթացի արդյունքում փոխարինում են մարդկային աշխատուժին, պետք է հարկվեն: Նման կարծիք հայտնեց Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը: Նրա խոսքով՝ դա կօգնի ֆինանսական միջոցներն ուղղել դեպի տնտեսության այն ուղղությունները, որոնց ավտոմատացումն անհնար է:
Նարինե Դանեղյան