10:49 | 24.02.17 | Նորություններ | 30509

Րաֆֆի Գրիգորյանը հեռացել է Uber-ից

Uber ընկերության Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնի ինժեներական գծով տնօրեն Րաֆֆի Գրիգորյանը լքել է պաշտոնը։

Այս մասին հաղորդում է Recode-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Րաֆֆի Գրիգորյանը Uber-ին միացել էր 2015թ. մարտին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Twitter-ի փոխնախագահի պաշտոնը։

Uber-ի աշխատակիցներին ուղղված նամակում Րաֆֆի Գրիգորյանը նշել է, որ ցանկանում է ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին՝ Կալիֆոռնիա տեղափոխելուց հետո։ Նա չի բացառել Uber վերադառանալու հնարավորությունը, սակայն ոչ նույն պաշտոնին։

«Երբ պատրաստ լինեմ վերադառնալ, այդ ժամանակ կհասկանամ, թե ինչպես կկարողանամ լավագույնս օգնել Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնին»,- ասել է նա։

Itel.am-ը 2016թ.հոկտեմբերին Երեւանում զրուցել էր Րաֆֆի Գրիգորյանի հետ։ Հարցազրույցը հասանելի է այստեղ։

Recode-ը գրում է, որ 2016թ. օգոստոսից մինչ օրս, երբ Uber-ը ձեռք բերեց ինքնավար ավտոմեքենաների մշակմամբ զբաղվող Otto ընկերությունը, Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնը լքել են մի շարք բարձրաստիճան ղեկավարներ, իսկ Uber-ի գլխավոր գործադիր տնօրեն Թրեիս Քալանիքը Otto-ի համահիմնադիր Էնթոնի Լեւանդովսկիին նշանակել է Ինքնավար տեխնոլոգիական լուծումների կենտրոնի ղեկավար։

Այսօր նաեւ տեղեկատվություն է ստացվել, որ Alphabet-ին պատկանող Waymo-ն (նախկինում Google-ի ինքնավար ավտոմեքենաների նախագիծ), դատական հայց է ներկայացրել Otto եւ Uber ընկերությունների դեմ։ Waymo-ի նախկին աշխատակից, Otto-ի համահիմնադիր Էնթոնի Լեվանդովսկին մեղադրվում է Waymo-ն լքելու պահին 14 հազ․ գաղտնի փաստաթղթեր ներբեռնելու մեջ։