14:15 | 07.02.17 | Նորություններ | 3275

2016թ. ինտերնետ թրաֆիկի 50%-ից ավելին ապահովել են բոտերը

2016թ. բոտերից եկած թրաֆիկը (51,8%) գերազանցել է իրական օգտագործողներից (48,2%) եկած թրաֆիկը:

Օնլայն անվտանգության ոլորտում գործող Imperva Incapsula ընկերության հրապարակած զեկույցի համաձայն՝ բոտերը կրկին վերադարձրել են առաջատարի դիրքը: Հիշեցնենք, որ 2015թ., 4 տարվա մեջ առաջին անգամ, ռեալ օգտագործողներից եկած թրաֆիկը (53%) գերազանցել էր բոտերին (47%):  

Զեկույցը վերլուծել է ավելի քան 16,7 մլրդ այցելություն՝ 100 հազ. պատահական ընտրված դոմեյններում՝ 2016թ. օգոստոսի 9-ից մինչեւ նոյեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում:

Imperva Incapsula-ի հետազոտությունը բոտերին բաժանում է երկու խմբի՝ «լավ» (22,9%) եւ «վատ» բոտեր (28,9%): «Վատ» բոտերը, օրինակ, օգտագործվում են սփամի եւ DDoS հարձակումների համար, իսկ «լավ» բոտերը՝ կայքերի վերլուծությունների, տեղեկատվության հավաքման եւ մշակման համար:   

«Վատ» բոտերի շրջանում ամենաակտիվը Impersonator-ն է, որը կայքին հասանալիություն ստանալու համար ներկայանում է որպես բրաուզեր կամ որոնման համակարգի ռոբոտ:

Զեկույցը հայտնաբերել է 504 դրական օգտակար բոտ, որոնցից 278-ը գեներացրել են օրական առնվազն 1000 այցելություն:

Ամենաակտիվ բոտերից մեկը դարձել է Facebook հավելվածի բոտը, որն ապահովել է ցանցում թրաֆիկի 4,4%-ը:

«2016թ. մենք արձանագրել ենք մոբայլ օգտագործողների թրաֆիկի 10,6% աճ: Մյուս կողմից, համակարգչով ինտերնետից օգտվողների թիվը նվազել է 16%-ով, սակայն վերջին խումբը շարունակում է մնալ մեծամասնություն՝ կազմելով բոլոր այցելությունների 55,39%-ը: Վերլուծության ենթարկված 100 հազ. դոմեյնների 94,2%-ը 90-օրյա ժամկետում գոնե մեկ անգամ ենթարկվել է բոտային հարձակման»,- նշված է զեկույցում: