14:20 | 03.02.17 | Նորություններ | 3455

Uber-ի գործադիր տնօրենը լքում է Թրամփի տնտեսական խորհուրդը

Uber-ի գլխավոր գործադիր տնօրեն Թրեվիս Քալանիկը Uber-ի աշխատակիցներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ դուրս է եկել Դոնալդ Թրամփի տնտեսական խորհրդի կազմից:

«Կանգնելով ճշմարտության կողքին» ուղերձում Քալանիկն ասել է, որ միգրացիոն արգելքի վերաբերյալ երեկ կարճ զրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ:

«Ես նրան նաեւ տեղեկացրել եմ, որ չեմ կարողանա մասնակցել նրա տնտեսական խորհրդի աշխատանքներին: Խմբին միանալը, ի սկզբանե, չէր նշանակում աջակցություն ցուցաբերել նախագահին կամ նրա վարած քաղաքականությանը, սակայն, դժբախտաբար, դա հենց այդպես էլ սխալ մեկնաբանվեց… Հրահանգը վնասում է շատ մարդկանց՝ ԱՄՆ-ի ամբողջ տարածքում: Ավելի շատ ընտանիքներ են հարկադրված միմյանցից հեռանում, եւ կա աճող վախ, որ ԱՄՆ-ն այլեւս այնպիսի երկիր չէ, որը ողջունում է էմիգրանտներին»:

Թրեվիս Քալանիկն ասել է, որ Uber-ը կպայքարի էմիգրանտների իրավունքների համար:

Հատկանշական է, որ Թրամփի տնտեսական խորհրդի անդամ Քալանիկը վերջերս պարբերաբար քննադատվում էր ԱՄՆ նորընտիր նախագահի հետ ունեցած մտերիմ կապերի համար:

Ամերիկացիների շրջանում շաբաթվա սկզբին մեծ թափ էր ստացել #DeleteUber արշավը:
Տաքսու վարորդները որպես բողոքի ակցիա մեկ օր բոյկոտել էին Նյու Յորքի Ջոն Քենեդիի օդանավակայանը: Uber-ը, սակայն, գործադուլին չէր միացել, ավելին՝ այդ օրը սովորականից ավելի բարձր սակագներ էր առաջարկել: #DeleteUber արշավի մեկնարկից շատ չանցած՝ ընկերությունը հայտարարել էր իրավաբանական հիմնադրամներից մեկին $3 մլն տրամադրելու մասին ՝ պաշտպանելու էմիգրացիոն արգելքի հետեւանքով տուժած վարորդներին:

ԱՄՆ տեխնո համայնքի՝ Թրամփի միգրացիոն արգելքի վերաբերյալ մյուս տեսակետներին ծանոթացեք այստեղ: