12:39 | 18.01.17 | Նորություններ | 13766

Փարիզում կբացվի Facebook-ի առաջին ստարտափ ինկուբատորը

Facebook-ը ծրագրում է գարնանը Փարիզում բացել իր առաջին ստարտափ ինկուբատորը, որը կկոչվի Startup Garage:

Business Insider-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Facebook-ի գործադիր տնօրեն Շերիլ Սենդբերգը:

Ստարտափ ինկուբատորը կզբաղեցնի 34 հազ. քմ տարածք, տեղակայված կլինի Station F ստարտափ կամպուսի տարածքում եւ կապահովի 3000 աշխատատեղ: Բացումն ակնկալվում է 2017թ. ապրիլին:

Սենդբերգի խոսքով՝ իրենք ցանկանում են յուրաքանչյուր կես տարին մեկ աշխատել 10-15 նոր ստարտափի հետ: Ծրագրի շրջանակում մասնակիցների համար կկազմակերպվեն սեմինարներ, ինչպես նաև դիզայնի, մարքեթինգի, տեխնիկական աջակցության եւ այլ թեմաներով գործնական դասընթացներ:

«Ֆրանսիան աշխարհի ամենաինովացիոն տեխնոլոգիական ընկերություններից մի քանիսի հայրենիքն է: Մենք ոգեւորված ենք աջակցել ֆրանսիական ստարտափների նոր սերնդին, որոնք ունեն մեծ ներուժ՝ զարգացնելու տնտեսությունը եւ ստեղծելու աշխատատեղեր»,- ասել է Facebook-ի գործադիր տնօրենը:

Ընկերությունում հավաստիացրել են, որ ծրագրի մասնակից նախագծերից մասնաբաժին չեն պահանջելու: Միաժամանակ, ընկերությունը մտադիր է առաջիկա մի քանի տարում միլիոնավոր եվրոյի ներդրումներ կատարել ծրագրում:  

Startup Garage-ը Facebook-ի երկրորդ մեծ ներդրումն է Ֆրանսիայում: 2016թ. հունիսին Փարիզում բացվեց արհեստական բանականության լաբորատորիա: