09:58 | 16.01.17 | Նորություններ | 17490

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր Կենտրոնը» կշարունակեն համատեղ ծրագիրը

Ավարտվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության 2016թ.-ի ծրագիրը, որն ընդգրկել է Հայաստանի տասը մարզի 25 համայնք:

Արդյունքում, 42 ընտանիք ավարտել է կիսակառույց տան շինարարությունը կամ վերանորոգել է այն:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանն այցելել են Արմավիրի մարզի շահառու ընտանիքներին՝ նրանց հետ կիսելու բնակարանամուտի ուրախությունը:

«Արդեն հինգ տարի համագործակցում ենք Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ՝ ձգտելով մարդկանց մեջ հույս, հավատ արթնացնելուն զուգահեռ՝ պատասխանատվության վրա խարսխվող արժեհամակարգ ձեւավորել: Հինգ տարվա ընթացքում մեզ հաջողվել է երջանկության դռներ բացել 135 ընտանիքի համար: Ուրախ եմ տեղեկացնել, որ շարունակում ենք մեր գործընկերությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բնակարանաշինության ծրագրի իրականացման համար 2016թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 105 մլն դրամի ներդրում է կատարել: 21 ընտանիք ավարտին է հասցրել կիսակառույց տան շինարարությունը, եւս 21-ը՝ վերանորոգել բնակարանը:

Հինգ տարվա համագործակցության արդյունքում՝ Հայաստանի տարբեր մարզերում աջակցություն է ստացել 135 ընտանիք: Ընդհանուր առմամբ ներդրվել է 333 մլն դրամից ավել գումար: