14:05 | 22.12.16 | Նորություններ | 4538

Uber-ը դադարեցրել է ինքնավար ավտոմեքենաների թեստավորումը Սան Ֆրանցիսկոյում

Uber ընկերությունը հարկադրված դադարեցրել է ինքնավար կառավարմամբ ավտոմեքենաների թեստավորումը Սան Ֆրանցիսկոյի փողոցներում՝ գործարկումից ընդամենը մեկ շաբաթ անց:

Reuters-ի փոխանցմամբ, որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Կալիֆոռնիայի տրանսպորտային միջոցների դեպարտամենտը դեկտեմբերի 21-ին չեղյալ է հայտարարել ընկերության ինքնավար կառավարմամբ 16 ավտոմեքենաների գրանցումը:

«Հիմա որոշում ենք, թե որտեղ կարող ենք տեղափոխել այդ ավտոմեքենաները, այնուամենայնիվ մենք 100%-ով հավատարիմ կմնանք Կալիֆոռնիային», -ասել են Uber-ում:

Կալիֆորնիայի տրանսպորտային միջոցների դեպարտամենտում Reuters-ին հայտնել են, որ պատրաստ են թույլատրել Uber-ին թեստավորել ինքնավար ավտոմեքենաները Սան Ֆրանցիսկոյում, եթե ընկերությունը համապատասխան դիմում ուղարկի:

Դեռ հայտնի չէ, արդյոք Uber-ը դիմում կներկայացնի, թե թեստավորումը կտեղափոխի այլ նահանգ:

Uber-ը ինքնավար ավտոմեքենաների հանրային թեստավորումը Սան Ֆրանցիսկոյում մեկնարկել է դեկտեմբերի 14-ին: Համակարգը պատահական սկզբունքով ընտրել է Uber-ի օգտատերերի եւ նրանց տեղափոխման համար ուղարկել Volvo XC90 ավտոմեքենաներ՝ տեսախցիկներով եւ սենսորներով, որոնց միջոցով ավտոմեքենան հետեւում է ճանապարհին:

Դրան հաջորդել է Կալիֆոռնիայի իշխանությունների սպառնալիքը՝ դադարեցնել թեստավորումը, քանի դեռ ընկերությունը չի ստացել համապատասխան թույլտվություն:

Հիշեցնենք, որ  Uber ընկերությունում ինքնավար կառավարման ավտոմեքենաների մշակմամբ զբաղվում է Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնը, որի ինժեներական գծով տնօրենը Րաֆֆի Գրիգորյանն է: Վերջինս այս տարի ավելի վաղ Itel.am-ին ասել էր, որ ինքնավար կառավարման ավտոմեքենաները կատարյալ դարձնելու համար երեք բան է հարկավոր.

«Առաջինն այն է, որ տեխնոլոգիան ինքնին պետք է լավը լինի, եւ կարծում եմ՝ մենք այս ուղղությամբ նկատելի հաջողություններ ենք գրանցում: Երկրորդը՝ ընթացիկ կանոնակարգերն են, իսկ երրորդը այն, որ մարդիկ պետք է ընդունեն այդ տեխնոլոգիան: Ոչինչ տեղի չի ունենա, եթե մարդկանց մոտ չլինի նման մեքենաներ վարելու կամ դրանցով տեղաշարժվելու ցանկություն: Կարծում եմ՝ այս երեք կետերը միավորելու եւ դրանցով աշխատելու համար մի փոքր ժամանակ է պետք»: