16:47 | 19.12.16 | Նորություններ | 17857

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ անցկացվել է «Ծրագրավորման ժամ 2016»-ը

«Այբ» դպրոցի եւ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ` «Այբ» ավագ դպրոցում անցկացվել է «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը:

Միջոցառման գլխավոր գործընկերն էր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Այս տարի միջոցառմանը զուգահեռ անցկացվել են վարպետության դասեր:

«Այսօր առանց զգալի ծախսի ծրագրավորում սովորելու բազմաթիվ միջոցներ կան: Hour of Code-ի միջոցով ցանկանում ենք, որ այդ ոգեւորիչ ճանապարհը մարդիկ սկսեն մեզ հետ»,- նշել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար աջակցում է «Ծրագրավորման ժամ» միջոցառման կազմակերպմանը՝ ելնելով երիտասարդության շրջանում տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրություն առաջացնելու եւ խթանելու, հեռանկարում այդ ոլորտը Հայաստանի մրցակցային առավելություններից մեկը դարձնելու հրամայականից»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:  

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Ծրագրավորման ժամ»-ի իրականացման համար տրամադրել է 150 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ հասանելիություն ներբեռնման եւ վերբեռնման համար՝ Wi-Fi ցանցի միջոցով, ինչը հնարավորություն է տվել ապահովել միջոցառման 300 մասնակիցների համաժամանակյա միացումը համացանցին: Արդյունքում՝ յուրաքանչյուր մասնակից միջինում ապահովվել է 3 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ հասանելիությամբ: