17:46 | 15.12.16 | Նորություններ | 3495

Թումոյի սաները երիտասարդ արցախցիների համար կայք կստեղծեն

Ստեփանակերտում մեկնարկել է Թումոյի եւ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության նախարարության համատեղ նախագիծը, որի արդյունքում 2017թ. մարտին կհրապարակվի եռալեզու երիտասարդական վեբ կայք՝ արցախցիների համար:

Կայքը կպարունակի թարմացվող տեղեկություններ ԼՂՀ-ում տեղի ունեցող միջոցառումների, զանազան երիտասարդական ծրագրերի, կրթական հնարավորությունների, մշակութային նախաձեռնությունների մասին։

Կայքի պատրաստման առաջին քայլն արդեն մեկնարկել է։ Գրաֆիկական դիզայներ Թենի Ադամյանն այժմ Թումո Ստեփանակերտում վարում է հատուկ աշխատարան, որի շրջանակում 12 ուսանող սովորում է տարբերանշանի դիզայնի հիմունքներն ու ստեղծում տարբերանշանի, բրենդային ինքնության եւ գունապնակի օրինակներ ապագա կայքի համար։

Դեկտեմբերի 17-ին Թումո Ստեփանակերտում տեղի կունենա աշխատարանի պրեզենտացիան, որի շրջանակում կընտրվի բրենդավորման տարբերակներից մեկը։ Այդ բրենդավորումը հիմք կհանդիսանա կայքի ստեղծման համար, որի հետագա քայլերն էլ՝ կայքի դիզայնը, ծրագրավորումն ու բովանդակության ստեղծումը, կիրականացվեն Թումոյում՝ 2017թ. սկզբին։

«Մենք շատ զգացված ենք այն վստահությամբ, որ ԼՂՀ կառավարությունն ունի մեր հանդեպ: Սա մեր համագործակցության առաջին օրինակն է, եւ մենք այն համարում ենք ընտիր հիմք՝ հետագա համատեղ նախագծերի իրականացման համար»,- նշել է Թումո Ստեփանակերտի ղեկավար Կորյուն Խաչատրյանը: