10:40 | 08.12.16 | Հոդվածներ | exclusive 27430
Վերջերս գործարկված Armenian National Costume հավելվածը հնարավորություն է տալիս լրացված իրականության (AR) տեխնոլոգիաների միջոցով լուսանկարվել նախընտրած տարազով եւ տեղադրել այն սոցցանցում:
Հավելվածը հասանելի է AppStore-ում եւ Google Play-ում:
Հավելվածի հեղինակը The NAME Production-ն է: Տեխնիկական մասով զբաղվել է ARLOOPA ընկերությունը:
Itel.am-ի հետ զրույցում The NAME Production-ի արտ մենեջեր Նռանե Գրիգորյանը պատմել է, որ հավելվածում ներառված է ավելի քան 40 տարազաձեւ: Համագործակցել են Հայաստանի պատմության թանգարանի հետ:
«Մեր թիմը կազմված է 6 մենեջեր աղջիկներից: Լինելով շատ տարբեր՝ մենք աշխատում ենք միասին, որովհետեւ սիրում ենք արվեստն ու ցանկանում ենք տեսնել մեր երկրի մշակութային կյանքն ավելի ակտիվ: Մեր բոլոր նախագծերի շրջանակում մենք փորձում ենք միավորել հայկական ավանդույթները, սովորույթները, մշակութային եւ ազգային մեծ ժառանգությունը՝ նորարարությունների, նորաձեւության եւ ժամանակակից միտումների հետ: Մեր հավելվածը կհետաքրքրի բոլոր տարիքի կանանց»,- նշել է նա:
Նռանե Գրիգորյանը տեղեկացրել է, որ առաջիկայում հավելվածը կներկայանա նոր գործառույթներով:
Նարինե Դանեղյան