15:22 | 25.11.16 | Նորություններ | 16621

Ժան Իվ Շարլի. Հայաստանում կաշխատենք ներդրումային երեք ուղղությամբ

«Վիմպելկոմ գրուպ»-ի գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլին այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանում նախատեսվող ներդրումային ծրագրերի երեք ուղղությունները:

Ժան Իվ Շարլին նշել է, որ ընկերությունը երկարաժամկետ ներդրող է, որը ցանկանում է իր ներկայիս ծառայություններն ընդլայնել առկա շուկաներում եւ հասանելի դառնալ բոլորի համար:

«Հայաստանում, առաջին հերթին, ցանկանում ենք ընդլայնել մեր 4G/LTE ցանցը՝ առաջարկելով ավելի լավ ծածկույթ եւ արագություն: Երկրորդ ներդրումային ուղղությունը լայնաշերտ ինտերնետային ծառայությունների ոլորտի բարելավումն է եւ արագությունների ավելացումը: Մենք հասկանում ենք, որ ապագան բարձր արագության ինտերնետինն է, համակցված ծառայություններինը: Երրորդ ուղղությունը վերաբերում է մեր թվային ռազմավարությանը: Մենք ցանկանում ենք նոր ոլորտներում կատարել ներդրումներ, ինչպիսիք են օրինակ՝ մեսիջինգը կամ հեռուստատեսության հետ համակցված ծառայությունները: Սրանք ներդրումային այն երեք ուղղություններն են, որոնց շուրջ երեկ խոսել եմ ՀՀ վարչապետի հետ»,- ասել է «Վիմպելկոմ գրուպ»-ի գործադիր տնօրենը՝ պատասխանելով Itel.am-ի հարցին:

2015-ից «Վիմպելկոմ»-ը նախաձեռնել է ռազմավարական նոր ծրագիր, որը ենթադրում է բիզնեսի պորտֆելի ռացիոնալացում, գործունեության մոդելի պարզեցում, ամուր կառավարման մոդելի ներդրում, նորարար թվային ծառայությունների մշակում: Beeline Հայաստանը՝ համաձայն «Վիմպելկոմ»-ի տրասնֆորմացիոն ռազմավարության, վերակառուցում է իր տեխնոլոգիական ենթակառուցվածքները եւ ռացիոնալացնում գործընթացները:

«Հայաստանում Beeline-ը «Վիմպելկոմ»-ի խմբում է 2006-ից, եւ այստեղ մենք առաջինն էինք, որ գործարկեցինք 3G ցանցը: Ես պատրաստվում եմ արագացնել Հայաստանում մեր բիզնեսի զարգացումը եւ նպաստել երկրում հաճախորդների համար նորարար ծառայությունների ստեղծմանը: Մենք ցանկանում ենք դառնալ թվային օպերատոր այս շուկայում»,- նշել է Ժան Իվ Շարլին:

Անդրադառնալով սակագների նվազման հնարավորությանը՝ «Վիմպելկոմ գրուպ»-ի գործադիր տնօրենն ասել է.
 
«Հայաստանում մենք ունենք հաճախորդների կողմից բավարարվածության բավական բարձր մակարդակ: Սա վերաբերում է նաեւ այն մյուս երկրներին, որտեղ մենք գործունեություն ենք ծավալում: Սա է փաստում այն, որ մեր ընկերությունն այդ բոլոր շուկաներում առաջին կամ երկրորդ խաղացողն է: Մենք կենտրոնանում ենք ոչ թե ծառայությունների գնի, այլ առաջին հերթին՝ որակի եւ նորարարության վրա: Այս տարի ամբողջ աշխարհում մենք մեր եկամուտների 17%-ը ներդրել ենք նոր ծառայությունների ստեղծման եւ առկա ծառայությունների ընդլայնման մեջ: Եվ դա է պատճառը, որ ամբողջ աշխարհում 235 մլն հաճախորդ վստահում է մեզ»:

Ընկերության Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխայիլ Գերչուկն էլ հավելել է, որ իրենց տրամադրած մոբայլ ինտերնետի եւ ձայնային ծառայությունների սակագները Հայաստանում բավական ցածր են՝ այլ երկրների համեմատ:  

«Մյուս կողմից, Հայաստանում բարձր սակագին ունեն դեպի այլ ցանցեր ուղղված զանգերը, որը, սակայն, սահմանում է կարգավորող մարմինը: Այդ սակագները մի քանի անգամ ավելի բարձր են Ռուսաստանում եւ Ղազախստանում գործող գներից: Մենք պետք է մտածենք այդ զանգերն աստիճանաբար էժանացնելու մասին, սակայն այս պահին չենք կարող նման ծառայություն մատուցել՝ ի վնաս մեզ»,- ասել է Միխայիլ Գերչուկը:

Ասուլիսի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ընկերության մշակած նոր մեսինջերին, որը ներկայում Իտալիայում թեստավորման փուլում է: Տեղեկացվել է, որ հավելվածը 2017թ. հասանելի կլինի նաեւ Հայաստանում: