17:08 | 23.11.16 | Նորություններ | 10099

Գործարկվել է հանրակրթության վիճակագրության E-stat նոր գործիքը

Dasaran կրթական ծրագիրն այսօր ներկայացրել է հանրակրթության վիճակագրության E-stat էլեկտրոնային վերլուծական նոր գործիքը, որը ստեղծվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ու Հայաստանում Եվրոպական Միության աջակցությամբ:  

Dasaran-ում նշել են, որ E-stat-ի ստեղծումը նպատակաուղղված է հանրակրթական համակարգի բոլոր շերտերի ընդգրկուն մշտադիտարկմանը, ամբողջ երկրի կտրվածքով հանրակրթական դպրոցների արդյունավետության վերլուծությանը, ինչպես նաեւ ժողովրդագրական տվյալների եւ դրանց զարգացման համեմատական պատկերների ստացմանը:

Համակարգը նախատեսված է ՀՀ կառավարության, կրթության եւ գիտության, ինչպես նաեւ կրթության համար պատասխանատու այլ պետական մարմինների համար:

«Մոտիվացված երիտասարդների կողմից կյանքի կոչված ծրագիրը՝ Dasaran-ը, այնքան հաջող սկսեց իր աշխատանքը, որ հարգանք առաջացրեց աշխարհի լավագույն կրթական կենտրոններում: Հույս ունեմ, որ Dasaran-ի հետ համագործակցությունը կծավալվի, եւ մենք կկարողանանք ստանալ աջակցություն նախ եւ առաջ էլեկտրոնային դասավանդման ուղղությամբ, ու այդ տեսանկյունից մենք՝ որպես նախարարություն, պարտավոր ենք բացել այս ճանապարհները»,- ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

«Այս ծրագիրը շատ կարեւոր նշանակություն ունի Եվրոպական Միության համար: Հայաստանում շատ են տաղանդավոր երիտասարդները, եւ մենք հավատացած ենք, որ այս բնածին տաղանդները կարող են զարգանալ միայն կրթության մեջ պատշաճ ներդրում կատարելու շնորհիվ»,- նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

E-stat դիագնոստիկ գործիքի միջոցով հնարավոր է ստանալ իրական ժամանակում պարբերաբար թարմացվող տվյալներ այնպիսի կտրվածքով, ինչպես օրինակ՝ աշակերտների, ծնողների եւ ուսուցիչների բաշխվածությունը՝ ըստ մարզերի, տարիքի կամ սեռի, աշակերտների միջին գնահատականը, գերազանցության եւ բացակայության ցուցանիշները, աշակերտական միջդպրոցական եւ արտաքին (այլ երկրներ) տեղաշարժերը, ուսուցիչների ծանրաբեռնվածության ցուցանիշները, ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը եւ այլն:

«Էլեկտրոնային վերլուծական այս գործիքը հնարավորություն կտա «ախտորոշել» կրթության ներքին շերտերում առկա եւ կրթության զարգացմանը խոչընդոտող խոցելի կողմերը, որոնց շտկումը հնարավոր կդարձնի մեր երկրի կրթական ոլորտի բարելավման տվյալահենք (data-driven) եւ թիրախային ռազմավարության ստեղծումը: Վերջինն էլ իր հերթին իրական կդարձնի Հայաստանը կրթական մարտահրավերներ հաղթահարող եւ ժամանակակից մոդելներ արտահանող երկիր վերածելու տեսլականը»,-ասել է Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը: