16:02 | 16.11.16 | Նորություններ | 6411

ԻՏՁՄ եւ ՏՀՏ ԳՄ նամակը ի պաշտպանություն Պիքսարտի

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ ՏՀՏ գործատուների միությունը բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ուշադրություն հրավիրելով Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատի վերջին հաշվետվությանը ու դրա հետ կապված ստեղծված իրավիճակի վրա։

Հիշեցնենք, որ ՀՀ վերահսկիչ պալատը, ուսումնասիրելով ՁԻՀ-ի 2006-2016 թթ. գործունեությունը, հայտարարել էր, որ օրենքի խախտումներ են հայտնաբերվել, եւ հիմնադրամի ստեղծած ընկերությունների բաժնետոմսերի օտարման գործարքներում առկա են խնդրահարույց կետեր:

«Սա չափազանց վտանգավոր նախադեպ եւ վնասակար գործընթաց է, իսկ նրա հանրային քննարկման առարկա դարձնելը արդեն ունի հետեւանքներ, որոնց հաղթահարումը դժվարին ջանքեր է պահանջելու։ Սա այն դեպքն է, երբ պետական մարմինը հարվածում է Հայաստանի ամենահաջողված նախաձեռնություններից (ծրագրերից) մեկին, փորձելով սխալ մոտեցումներով այն ներկայացնել որպես կանոնների եւ ընթացակարգերի խախտում։  

Որպես նման մոտեցման  առավել բացասական եւ նույնիսկ անխուսափելի հետեւանք՝ խնդրահարույց կդառնան դեպի Հայաստան հետագա բոլոր ֆինանսական հոսքերը, քանի որ որեւէ ընկերություն այլեւս ցանկություն չի ունենա ստանալ պետական ցանկացած  տեսակի աջակցություն, դիտարկելով այն ռիսկային։ Սա ի չիք կդարձնի նաեւ վերջին տասնամյակում մեր կողմից ներդրված ջանքերով արձանագրած ողջ դրական առաջընթացն ու ապահայի նախաձեռնությունները։

Նույնիսկ միայն այս փաստն արդեն ահազանգող է եւ չպետք է տեղի ունենա»,- ասված է ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի եւ ՏՀՏ ԳՄ նախագահ Արմեն Բալդրյանի ստորագրած նամակում:  

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները դատապարտել են «Պիքսարտ ապրանքանիշի նկատմամբ ոտնձգությունը՝ դա համարելով Հայաստանի դեմ ուղղված գործողություն»։

«Այսօր առաջադեմ աշխարհում շատերը ճանաչում են Հայաստանը Պիքսարտի միջոցով։ Այս իրողությունը նաեւ բացասաբար է ազդում ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային գործարար ու տեխնոլոգիական համայնքում մեծ հարգանք վայելող ձեռնարկատիրոջ, ԻՏՁՄ-ի պատվավոր նախագահ Հովհաննես Ավոյանի հեղինակության վրա, ով Հայաստանում ստեղծել է ավելի քան 5 սկսնակ ընկերություններ, ավելի քան 800 բարձր վարձատրվող աշխատատեղերով եւ ապահովում է միլիոնավոր դոլարների ներհոսք երկիր։

Այս բացասական PR արշավը պետք է կասեցվի անհապաղ եւ մենք կցանկանայինք Ձեզ հետ ունենալ կարճատեւ հանդիպում՝ արտահայտելու մեր խոր անհանգստությունն ու առաջարկելու քայլեր՝ ստեղծված իրավիճակը շտկելու համար»,- նշված է նամակում: