Բագրատ Ենգիբարյանը
15:35 | 07.11.16 | Նորություններ | 3181
Այսօր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ առաջիկա 2-3 տարիներին Վանաձորի նորաբաց տեխնոլոգիական կենտրոնում կվերապատրաստվի առնվազն 4000 մասնագետ, կստեղծվի 900 աշխատատեղ, կիրականացվեն մաքուր տեխնոլոգիաների ոլորտի նախագծեր, կձեւավորվի ճարտարագիտական կլաստեր:
Նրա խոսքով՝ տեխնոկենտրոնները ոչ միայն զբաղվում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմամբ, ներդրումների խթանմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, այլեւ նպաստում են ներգաղթին, կերտում են որոշակի մշակույթ, մտածելակերպ, աշխարհայացք:
Անդրադառնալով Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնին՝ Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրել է, որ այնտեղ ներկայում գործում է 25 ընկերություն, որոնցից 2-ը՝ ամերիկյան, 1-ը՝ ֆրանսիական, 1-ը՝ թայվանական եւ 18-ը՝ Երեւանից: Կենտրոնի շնորհիվ վերապատրաստվել է ավելի քան 5900 երիտասարդ, ստեղծվել է 500 նոր աշխատատեղ, ավելի քան 50 ընկերություն ստացել է աջակցություն, որոնցից 12-ը ստացել է հետագա ֆինանսավորում:
«ՁԻՀ աջակցության շնորհիվ տարեկան պատրաստվում եւ վերապատրաստվում են ավելի քանի 3000 մասնագետներ, 50-ից ավել կազմակերպություններ ստանում են աջակցություն, ներգրավում են ներդրումներ, այդ թվում՝ վենչուրային: Այս մեծ շղթան եզրափակում են Ջրվեժում կառուցվող ինժեներական քաղաքի ու կիբերանվտանգության գերազանցության կենտրոնի ծրագրերը. հայաստանյան տեխնո ապագայի ծրագրեր, որոնց շնորհիվ աշխարհի տեխնոլոգիական քարտեզում Հայաստանը ավելի կամրապնդի իր դիրքը որպես ինովացիոն երկիր»,- նշել է ՁԻՀ տնօրենը:
2015թ. ՏՏ ոլորտում արձանագրվել է 15-20% աճ, իսկ ոլորտի ընկերությունների թվաքանակը կազմել է 450` 2014թ. 396-ի փոխարեն: Ոլորտում այսօր ներգրավված է 13 հազ. (սպասարկող անձնակազմի հետ միասին՝ ավելի քան 15 հազ.) մասնագետ` 2014թ. 11 հազ. 560-ի դիմաց: Ոլորտի շրջանառությունը կազմել է $550 մլն` 2014թ. $474.9 մլն փոխարեն: