14:51 | 02.11.16 | Նորություններ | 11909
«Ռոստելեկոմը» պարզաբանում է ներկայացրել «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի՝ այսօր տարածած հայտարարության վերաբերյալ:
«Ինչպես հայտնի է, «Ռոստելեկոմ» հայաստանյան ցանցի միջոցով հեռուստաալիքների հեռարձակումն իրականացվում է գործընկեր հեռարձակող «Հիբրիդ Սոլյուշնզ» ՍՊԸ-ի միջոցով։
Հայկական հեռուստաալիքները մշտապես ներառված են եղել եւ շարունակելու են ներառված մնալ «Ռոստելեկոմ»-ի բոլոր փաթեթներում՝ անվճար հիմունքներով։ Ընդ որում, թվով հինգ հեռուստաալիքներ ներառված են «Սոցիալական» կոչվող փաթեթում, որի շրջանակներում հինգ հեռուստաալիքներ՝ Արմենիա ԹԻՎԻ, Հայաստանի հանրային (Հ1), Հայկական երկրորդ (h2), Կենտրոն եւ Միր հեռուստաալիքները հասանելի են բոլոր բաժանորդներին անգամ այն ժամանակ, երբ ծառայությունները պարտքի պատճառով կասեցված են։
Նոյեմբերի 1-ից «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ կողմից առանց որեւէ պատճառի դադարեցվեց հեռարձակումը նաեւ մեր՝ «Ռոստելեկոմի» հայաստանյան ցանցում։
Հավաստիացնում ենք, որ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ («Ռոստելեկոմ» ապրանքանիշ) ընկերությունը կարեւորում է ցանկացած բիզնես գործընթաց եւ մշտապես բանակցում է գործընկերների հետ՝ գործելով ՀՀ օրենսդրության շրջանականերում։
Ընկերությունը միշտ պատրաստ է մասնակցել բանակցային գործընթացներին, հատկապես, եթե դա առնչվում է ընկերության բաժանորդների շահերին եւ ցանկություններին»,- ասված է պարզաբանման մեջ:
«Ռոստելեկոմ»-ում նշել են, որ ակնկալում են հարցին տալ շուտափույթ լուծում եւ պատրաստ են գործադրել բոլոր ջանքերը՝ խնդրի հանգուցալուծման համար։