12:54 | 25.10.16 | Նորություններ | 2778

ՀՀ ՏՏ ոլորտի զարգացումները կներկայացվեն Տոկիոյում

Հոկտեմբերի 28-ին Տոկիոյում կանցկացվի IT’s Armenia խորագրով սեմինարը՝ նվիրված Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացմանը։

Միջոցառման նպատակն է նպաստել Ճապոնիայի՝ ՀՀ-ի հետ համագործակցելու հետաքրքրվածության խորացմանը, գործարար հարաբերությունների ստեղծմանը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամ-կազմակերպությունները հանդիպմանը մասնավորապես կներկայացնեն միության կողմից իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը՝ ուղղված հայաստանյան ՏՏ բրենդի առաջխաղացմանը:

ԻՏՁՄ-ից հայտնել են, որ հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում են «Ինստիգեյթ», «ՎՕԼՕ», «Արմինովա Թեքնոլոջիս», «Լեւիաթան», «ԱյՅուՆեթվորքս», «Վիէմուեր Իսթերն Յուրոփ» եւ «Գրանատուս Վենչուրս» ընկերությունները։

Սեմինարը կազմակերպում են Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը՝ ի դեմս արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանի, Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպությունը (JETRO), Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը, Ճապոնիա-Հայաստան գործարար եւ մշակութային նախաձեռնությունը, Ռուսաստանի եւ նորանկախ պետությունների հետ տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ROTOBO) եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA):