09:44 | 24.09.16 | Նորություններ | 13675

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Ամրակիցն ապահովվել է արտաքին լուսավորությամբ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում համատեղ իրականացրած հերթական ծրագրի արդյունքները:

Լոռու մարզի Ամրակից գյուղում տեղակայվել է 54 լուսատուով արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ: Ծրագրի արդյունքում լուսավորվել են համայնքի հիմնական երկու փողոցները՝ մոտ 1 900մ ընդանուր երկարությամբ:

Լուսատուները համայնքի փողոցները կլուսավորեն ամռանը 20:00-ից մինչեւ 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 23:00:

Ի տարբերություն էլեկտրական լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ օգտագործելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

«Աշխարհի առաջադեմ երկրների օրակարգում առաջնային տեղ է զբաղեցնում շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված լուծումների մշակումն ու կիրառումը: Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը եւ սպառողական ապրելակերպի մերժումը մարդու, ազգի, երկրի ինքնագիտակցության մակարդակի լավագույն ցուցիչներն են: Ֆինանսական խնայողության հնարավորություն ընձեռելուց բացի, այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը կարեւոր քայլ է դեպի ավելի պատասխանատու եւ բարեկիրթ ապրելակերպ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման եւ փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Լոռու մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արեւային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի եւ էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը եւ նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: