Apple ընկերությունը սեպտեմբերի 7-ին Սան Ֆրանցիսկոյում ներկայացրել է իր նոր արտադրանքը: Մի քանի ամիս շարունակ «խնձորասերների» հետաքրքրասիրությունը բորբոքած Iphone 7-ի եւ Iphone 7 Plus-ի ներկայացումը Apple Special Event-ի մեխն էր:
Itel.am-ը հետեւել է միջոցառմանն ու առանձնացրել Iphone-ի հիմնական փոփոխություններն ու նորությունները: Հեռախոսի հնարավորություններին ավելի մանրամասն՝ այստեղ:
Տեսքը
Ինչպես եւ կանխատեսվում էր, հեռախոսի դիզայնն ու չափերը հեղափոխական փոփոխությունների չեն ենթարկվել: Iphone 7-ն ունի 4.7, Iphone 7 Plus-ը` 5.5-դյույմանոց էկրան:
photo © Apple Special Event
Նոր փոփոխություններ կան գույների մեջ: Նոր հեռախոսներն այլեւս հասանելի չեն Space Gray գույնով: Փոխարենն ավելացել են
Black եւ
Jet Black գույները:
Հիշողությունը՝ մինչեւ 256 GB
photo © Apple Special Event
Հաշվի առնելով նախորդ մոդելների քիչ ու շուտ սպառվող հիշողությունը, ընկերությունը հասցրել է այն մինչեւ 256 GB-ի. նոր սերնդի Iphone-ը օժտված է է 32, 128 եւ 256 GB հիշողությամբ:
photo © Apple Special Event
Նոր մոդելի համար օգտագործվել է նորագույն A10 Fusion պրոցեսորը, որը 40 տոկոսով ավելի արագ է, քան նախորդ սերնդի հեռախոսներում օգտագործված A9 պրոցեսորը: Սրա շնորհիվ, օրինակ, Iphone 7-ի մարտկոցը երկու ժամ ավելի կաշխատի, քան Iphone 6-ինը: Նոր հեռախոսները կայուն են նաեւ ջրի եւ փոշու նկատմամբ:
Տեսախցիկը
photo © Apple Special Event
Փոփոխություններից ամենալուրջը, թերեւս, տեսախցիկն է: Iphone 7-ի վրա տեղադրված է
12 ՄՊ-անոց նոր հիմնական տեսախցիկ, որն օժտված է պատկերի կայունացման օպտիկական համակարգով (Optical image stabilization):
Սա թույլ կտա բարձր որակի լուսանկարներ ստանալ շարժման ժամանակ: Նոր մոդելների տեսախցիկները նախկին 5-ի փոխարեն բաղկացած են 6 շերտերից:
photo © Apple Special Event
Iphone 7 Plus-ը մեկի փոխարեն ունի երկու 12-մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ: Մեկ հպմամբ կարելի է սովորական տեսախցիկից անցում կատարել երկրորդ՝ Telephoto տեսախցիկին, որն ավելի լավ պատկեր է ապահովում հեռու տարածություններից նկարելու դեպքում: Սա փաստացի վերացնում է Iphone-ի վրա առկա zoom-ի խնդիրը, երբ պատկերը zoom անելիս նկարի որակն ընկնում էր:
Առաջին անգամ՝ stereo ձայն եւ անլար ականջակալներ
photo © Apple Special Event
Apple-ը պատմության մեջ առաջին անգամ հեռախոսների վրա կիրառեց stereo բարձրախոսներ: Սա ձայնի ավելի լավ որակ կապահովի ու թույլ կտա ֆիլմեր, խաղեր ու երաժշտություն վայելել երկու անգամ ավելի բարձր ու որակյալ ձայնով:
photo © Apple Special Event
Մի քանի ամիս տեւած խոսակցություններից հետո հաստատվեց, որ Iphone 7-ը չի ունենալու ականջակալների դասական առանձնացված մուտք: Դրանք միացվելու են սնուցման մուտքից: Բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան օգտագործել դասական գլխիկով ականջակալներ, Apple-ը հեռախոսի տուփում կներառի նաեւ հատուկ փոխարկիչ:
Բացի այդ, հասանելի են նոր
անլար ականջակալները: Դրանք մեկ լիցքավորմամբ կարելի է օգտագործել 5 ժամ: Լիցքավորման դյուրակի սարքի օգնությամբ կարելի է լիցքավորել ականջակալներն ու օգտագործել մինչեւ 24 ժամ: Ականջակալներին մատի հպումով կարելի է միացնել նաեւ Siri համակարգը: Ականջակալները հասանելի կլինեն հոկտեմբերին ու կարժենան 159 դոլար:
Ժամկետների ու գնի մասին Հեռախոսների նախնական պատվերները կարելի է կատարել արդեն սեպտեմբերի 8-ից: Առաջին հեռախոսները հասանելի կլինեն սեպտեմբերի 16-ից սկսած:
Գները`Iphone 7` սկսած $649-ից,
Iphone 7 Plus՝ սկսած $769-ից:
Սուրեն Ստեփանյան