14:34 | 07.09.16 | Նորություններ | 18728

Beeline-ի 4G/LTE բջջային ցանցն այսօրվանից հասանելի է Երեւանում

Beeline-ն այսօրվանից Երեւանում գործարկել է 4G/LTE բջջային ցանցը, որը հնարավորություն է տալիս օգտվել մինչեւ 60Մբ/վրկ արագայությամբ բջջային ինտերնետից:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նա տեղեկացրել է, որ ներկայում մայրաքաղաքում տեղադրված է 4G ստանդարտ ունեցող 70 բազային կայան, որոնց թիվը մինչեւ տարվա վերջ նախատեսվում է ավելացնել մինչեւ 150:

Ցանցը հանձնվել է փորձնական կոմերցիոն շահագործման եւ գործում է Երեւանի կենտրոնում: Beeline-ի տեխնիկական մասնագետների կողմից իրականացվել են աշխատանքներ՝ ուղղված ցանցի արդիականացմանը, եւ այժմ համակարգը հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով, ինչը մոտ ապագայում հնարավորություն կտա հաճախորդներին առաջարկել նոր ծառայություններ:

«Տեխնոլոգիաները զարգանում են, եւ որպես Հայաստանում կապի խոշորագույն օպերատոր՝ Beeline-ն անմասն չի մնա այդ գործընթացից: Ուրախ ենք տեղեկացնել, որ բջջային ինտերնետի մեր բոլոր ծառայություներն այժմ կդառնան ավելի արագ, պարզ եւ հարմար՝ շնորհիվ 4G ստանդարտով նոր, ժամանակակից բջջային ցանցի»,- նշել է Անդրեյ Պյատախինը:

Նոր ցանցից օգտվելու համար բաժանորդի սմարթֆոնը, պլանշետը կամ USB-մոդեմը պետք է համապատասխանեն 4G/LTE ցանցի պահանջներին եւ ունենան տեղադրված USIM-քարտ:

Անդրեյ Պյատախինի խոսքով՝ Beeline-ի հաճախորդների մոտ 10 տոկոսն արդեն ունի սարքավորումներ, որոնք աշխատում են LTE բջջային ցանցով:

«Բացի այդ, հասկանալով, որ մեր հաճախորդներին պետք է հնարավորություն տալ ձեռք բերել LTE բջջային ցանցի պահանջներին համապատասխան սարքավորումներ ՝ շահավետ գնով, մենք մոտ ապագայում հանդես կգանք նման առաջարկներով: Սակայն LTE ցանցի պահանջներին համապատասխանող հեռախոսներ մենք վաղուց ենք վաճառում, այդ պատճառով մեր հաճախորդներից շատ շատերն արդեն այսօրվանից կարող են օգտվել LTE ցանցից», -ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրենը:

«Բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխանող ցանցի կառուցումը եւ մեր հարյուր հազարավոր բաժանորդներին գերարագ ինտերնետով ապահովումը մեծ մարտահրավեր է եւ պատասխանատվություն մեր ընկերության տեխնիկական բլոկի համար: Սակայն տեխնոլոգիաների զարգացումը եւ բաժանորդներին լավագույն որակի ծառայություններով ապահովումը մեր նպատակն է եւ մենք պատրաստ ենք այն իրագործել»,- ասել է ընկերության տեխնիկական բլոկի տնօրեն Մաքսիմ Լեւինը:

Նա նշել է, որ հաջորդ տարի հանրապետության հիմնական քաղաքները ապահովված կլինեն 4G/LTE բջջային ցանցով:

Ցանցի վերազինման աշխատանքները շարունակվում են, եւ շուտով Երեւանում լիովին կարիդականացվեն սարքավորումները, ինչը կբարելավի մայրաքաղաքում տրամադրվող ծառայությունների որակը: