11:09 | 07.09.16 | Նորություններ | 13462

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Վահան գյուղն ապահովվել է արտաքին լուսավորությամբ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում համատեղ իրականացրած հերթական ծրագրի արդյունքները:

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղում տեղակայվել է արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ`լուսավորելով 1500 մ երկարությամբ տարածք: Ծրագրի արդյունքում Վահան համայնքն ամբողջությամբ լուսավորվել է:

«Երբ կա նպատակ՝ ստեղծվում է նաեւ այն իրականացնելու ճանապարհ: Սահմանամերձ Վահան համայնքին աջակցելու մեր որոշումը եղել է վճռական: Տարիներ առաջ կային շատ խնդիրներ, որոնք միանգամից լուծել՝ ակնհայտորեն հնարավոր չէր: Անհրաժեշտ էր համակարգված մոտեցում: Մենք ընտրեցինք աջակցության այնպիսի մոդել, որը ենթադրում էր համբերություն եւ խնդիրները մաս-մաս լուծելու պատրաստակամություն: Այսօր ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ տարիների ընթացքում մեզ հաջողվեց հասնել ցանկալի արդյունքի. Վահանն ունի ոչ միայն արտաքին լուսավորություն, գազատար, համակարգչային դասասենյակ, մանկապարտեզում գործող արեւային ջրատաքացուցիչ եւ խնայված միջոցներ, այլեւ՝ հույս: Հենց սա է հարկավոր երկիրը վահանի պես պահող մեր հայրենակիցներին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: